Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Հայաստանի գյուղական գործող գրադարանները նոր, արժեքավոր գրքերով համալրելու ծրագիր է սկսում այս տարվա սեպտեմբերի 1-ից:
Գրադարանային մասնագետների խոսքերով՝ այսօր Հայաստանում կան շուրջ 200 ակտիվ գործող գրադարաններ, որոնցից ավելի քան 100-ը՝ գյուղական բնակավայրերում:
Եթե Հայաստանի մարզային, երբեմն՝ քաղաքային գրադարանները ժամանակ առ ժամանակ, ոչ կանոնավոր կերպով համալրվում են նոր գրքերով, ապա գյուղական գրադարանները ապրում են խորհրդային ժամանակաշրջանի գրքի ու գրականության հաշվին:
«Հայաստանում ունենք մինչև 100 գյուղեր, որոնցից յուրաքանչյուրի բնակչությունը 3 հազարից մինչև 8 հազարի սահմաններում: Հայաստանի գյուղերի մասին վիճակագրական տվյալներ ներկայացնելու ընթացքում այցելում ենք նաև գյուղական գրադարաններ, որոնց մի մասը ակտիվ գործում են և դրանցից օգտվում են հիմնականում դպրոցականները: Հայաստանի գյուղական բնակավայրերը և բնակչությունը զրկված են նոր գրքերից սկսած 1991-ից, երբ Հայաստանը անկախացավ»,- ասել է ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:
Նա նշել է, որ սեպտեմբերի 1-ի նախօրեին ԱՆԻ կենտրոնը սկսում է ակտիվ արշավ՝ նպատակ ունենալով հավաքագրել 1991-ից հետո տպագրված գրքեր և դրանցով համալրել Հայաստանի գյուղական վայրերում գործող ամենաակտիվ գրադարանները:
«Անցնող տարիներին ԱՆԻ կենտրոնը, նաև բարերերների և գործարարների նվիրատվությունների շնորհիվ, Հայաստանի մարզային և քաղաքային գրադարանները հարստացրել է մինչև 500 միավոր նոր հրատարակված գրքերով: Այն տպավորությունը, թե համակարգիչի և ինտերնետի, սոցիալական մեդիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների դարում մարդիկ գիրք չեն կարդում, իրականության հետ կապ չունի: Այսօր Հայաստանի գրադարաններն ունեն տասնյակ հազարավոր ակտիվ ընթերցողներ»,- ասել է Հակոբյանը:
ԱՆԻ կենտրոնի համակարգողը նշել է, որ հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին այցելել է Հայաստանի գրեթե բոլոր մարզային և քաղաքային, ինչպես նաև մի քանի տասնյակ գյուղական գրադարաններ և տեղերում ծանոթացել իրավիճակին:
«Գրադարանները չունեն գրքեր գնելու բյուջե, և ժամանակ առ ժամանակ նոր գրքեր ստանում են հեղինակներից, հրատարակիչներից, անհատ բարերարներից ու կազմակերպություններից»,- ասել է նա:
Հակոբյանն ասել է, որ ԱՆԻ կենտրոնը դիմելու է տարբեր կազմակերպությունների և անհատների, գրահրատարակիչների ու տպարանների և կոչ է անելու մասնակցել գրքի արշավին՝ ի շահ և օգնություն Հայաստանի գյուղական բնակավայրերի գրադարանների:
Կազմակերպությունները, անհատները, գրահրատարակիչներն ու տպարանները կարող են ներկայացնել գրքերի ցուցակ, որից հետո ԱՆի կենտրոնի աշխատակիցը ավտոմեքենայով կմոտենա նշված վայրը, կստանա գրքերը և մի քանի օրերի ու շաբաթների ընթացքում կհասցնի գյուղական շրջանների գրադարաններ:
Գիրք նվիրաբերող անհատներն ու կազմակերպությունները կարող են նշել իրենց համար ցանկալի գրադարանի անունը:Այն անհատներն ու կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն գումար նվիրաբերել գրքեր գնելու համար, ապա պետք է այն փոխանցեն ԱՆԻ կենտրոնի բանկային հաշվեհամարին, որտեղից փոխանցումով կենտրոնը գրքեր կգնի Երևանի գրախանութներից:
ԱՆԻ հիմնադրամի հաշվեհամարները հասանելի են այստեղ և հոդվածի վերջում:
Գրքերը գյուղական գրադարաններ հասցնելու աշխատանքը ստանձնել է ԱՆԻ կենտրոնը: Յուրաքանչյուր դեպքում, գրքերը հանձնելու ընթացքը նկարվելու/նկարահանվելու և տեղադրվելու է ԱՆԻ կենտրոնի կայքում և ֆեյսբուքի էջում:
Բոլոր նվիրատուների անունները տեղ են գտնելու ԱՆԻ կենտրոնի ԲԱՐԵԿԱՄՆԵՐ բաժնում: Նվիրաբերվող գրքերի առաջին էջում նշվելու նվիրատու կազմակերպության կամ անհատի անունը:
Ներկայացնում ենք հավաքագրվող գրքերի շրջանակը.
մանկական գրականություն և նկարազարդ ալբոմներ,
հայագիտական և ռազմական գործի հատորներ,
կրոնական և պատմաաշխարհագրական գրքեր,
հանրագիտարաններ և բառարաններ,
ժամանակակից հայ գրականություն,
սփյուռքահայ գրականություն՝ արևմտահայերենով և դասական ուղղագրությամբ,
արտասահմանյան, այդ թվում՝ ռուս թարգմանական գրականություն,
գրքեր և ձեռնարկներ օտար լեզուներով,
մասնագիտական գրականություն, այդ թվում՝ գործարարության վերաբերյալ:
Առավել մանրամասների համար կարող եք գրել ԱՆԻ կենտրոնի էլեկտրոնային հասցեին՝ aniarcf@gmail.com և կամ bookstore@aniarc.am, ինչպես նաև կենտրոնի Ֆեյսբուքի էջին՝ https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում զանգահարել՝ 091 42 64 35 կամ 098 65 53 21 բջջային համարներով:
ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են.
Կոնվերսբանկ – դրամային հաշիվ – 19 300 52522110100
դոլարային հաշիվ – 19 300 52522110101
եվրոյով հաշիվ – 19 300 52522110104
Արտերկրից փոխանցումների համար կարող եք օգտվել փոխանցումների այս համակարգից.
Եվրոյով
Beneficiary name: ANI FOUNDATION FOR ARMENIAN STUDIES
Beneficiary account No.: 1930052522110104
Beneficiary Bank: CONVERSE BANK CJSC, YEREVAN, ARMENIA,
SWIFT: COVBAM22
Intermediary Bank: COMMERZBANK AG, FRANKFURT AM MAIN, GERMANY
SWIFT:COBADEFF
ԱՄՆ դոլարով
Beneficiary name: ANI FOUNDATION FOR ARMENIAN STUDIES
Beneficiary account No.: 1930052522110101
Beneficiary Bank: CONVERSE BANK CJSC, YEREVAN, ARMENIA,
SWIFT: COVBAM22
Correspondent Bank: ALFA-BANK, MOSCOW, RUSSIA
SWIFT: ALFARUMM
Intermediary Bank: THE BANK OF NEW YORK MELLON, NEW YORK, USA
SWIFT:IRVTUS3N
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
19 օգոստոս, 2021թ