Ի՞նչ շահեց Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի պատերազմից

6556

Աղմուկի մեջ կորում է ամենակարևորը՝  մասնագետի խոսքը. ինչպես հասկանալ գլխավորը, ինչպես տարբերակել առաջնայինը երկրորդականից, որտեղ փնտրել պատախանը և ինչպես գտնել ելք: Ճշմարտությունը հասկանալու համար ոչ միայն անհրաժեշտ են փաստեր, այլև այդ փաստերի ճիշտ համադրումն ու ժամանակացույցը:

Սույն հոդվածը նպատակ ունի լուսաբանել, թե ինչպիսին է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազդեցությունը էներգիայի փոխանցման ոլորտում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունների վրա կամ ի՞նչ շահեց Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի պատերազմից:

Զինադադարի մասին համաձայնագիրը, որի ամենակարևոր կետը Նախիջևանի շրջանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ճանապարհի «միջանցքի» ստեղծումն է, կհանգեցնի մի քանի բացասական աշխարհաքաղաքական հետևանքների՝ ի վնաս Իրանի:

Միջազգային իրավունքի մասնագետ, Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող դոկտոր Ահմադ Քազեմին ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էներգետիկ անվտանգության տեսանկյունից և գրել. «Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը սկսեց Ադրբեջանի, Թուրքիայի, Մեծ  Բրիտանիայի և Սիոնիստական ռեժիմի միջև համատեղ նախագծի հիման վրա: Ռուսաստանը, հետապնդելով կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ և այս գործընթացում կատարելով սխալ հաշվարկներ, նպաստավոր հող նախապատրաստեց  44-օրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության և Հայաստանի պարտության համար: Պատերազմի հիմնական դրդապատճառները ոչ թե Ադրբեջանի Հանրապետության անկախ կամքն էր, այլ տարածաշրջանի քաղաքական եւ վերտարածաշրջանային դերակատարների աշխարհաքաղաքական շահերը ու նպատակները` փոխել տարածաշրջանի քաղաքական եւ  աշխարհաքաղաքական դասավորությունը:

Ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի շուրջ տարբեր և հակասական շահեր ունեցող տարածաշրջանային և վերտարածաշրջանային դերակատարների  համաձայնությունը Կովկասում տեղի է ունեցել Իրանի հաշվին: Պատերազմի հիմնական նպատակն էր թուլացնել Իրանի աշխարհաքաղաքական, մշակութային, կրոնական և պատմական կարողությունները Կովկասում, հատկապես՝ Ադրբեջանի Հանրապետությունում:

Հրադադարի մասին համաձայնագիրը, որի ամենակարևոր կետը Նախիջևանի շրջանի և Ադրբեջանի Հանրապետության միջև միջանցքի ստեղծումն է, Իրանի դեմ կունենա մի քանի բացասական աշխարհաքաղաքական հետևանքներ:

Քարտեզը տես՝ https://uic.am/8341

Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը միացնող միջանցքի նախատեսումը, ըստ էության, ամերիկյան Գոբլի ծրագրի իրականացումն է, որն առաջարկվել էր որպես հողային փոխանակում (Լաչինի միջանցքի հողային փոխանակումը Զանգեզուրի միջանցքի հետ) առաջին ղարաբաղյան պատերազմից հետո: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության և Սիոնիստական ​​ռեժիմի նպատակը Իրանի և Հայաստանի միջև 42 կիլոմետրանոց սահմանի գրավումն էր, սակայն Իրանի ռազմական քայլերը Անկարային և Բաքվին ստիպեցին հրաժարվել այդ ծրագրից և բավարարվել տարանցիկ հաղորդակցական կապերի գաղափարով, ինչը հստակեցվել է զինադադարի համաձայնագրով: Չնայած այս միջանցքի բնույթը դեռ լիովին պարզ չէ, բայց թվում է, որ Բաքու-Անկարա ճակատի նվազագույն նպատակը քաղաքացիների տեղաշարժի, ապրանքների տարանցման և վերջապես էներգիայի և էլեկտրահաղորդման գծերի հատման միջանցք ստեղծելն է: Նկատի առնելով ներգրավված դերակատարների հակաիրանական մոտեցումները՝ զանգեզուրյան միջանցքով նոր էներգիայի փոխանցման գծերի ստեղծումը կվերացնի տարածաշրջանում էներգիայի փոխանցման ոլորտում Իրանի աշխարհաքաղաքական հետևյալ հնարավորությունները.

Ապագայում իրանական գազի փոխանցումը դեպի Նախիջեւան.  Ադրբեջանի Հանրապետության՝ Իրանի միջոցով Նախիջևան գազի փոխանակման մասին պայմանագիրը կնքվել է Իրանի ազգային գազի արտահանման ընկերության և ԱՀ SOCAR ընկերության միջև  2004 թվականին՝ 20 տարի ժամկետով և իրականացվել է 2005 թվականից:  Պատժամիջոցներից առաջ Ադրբեջանից տարեկան միջինը շուրջ 250-350 միլիոն խորանարդ մետր բնական գազ էր փոխանցվում  Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ այնտեղի գազի պահանջարկը բավարարելու համար: Իրանը իր տարածքում սպառում է Ադրբեջանի Հանրապետության Աստանայից առաքվող գազը, որը միացված չէ ազգային գազատար ցանցին և դրան համարժեք Նախիջևան է փոխանցում իր ազգային ցանցիծ՝ տրանզիտային վճարը հանելուց հետո: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կախվածությունը Իրանի գազից, էլեկտրականությունից և տարանցիկ ճանապարհներից վերացնելը Բաքվի և Անկարայի ռազմավարական գերագույն նպատակներից են բխում: Մասնավորապես, Բաքուն պնդում է, որ իրանական գազի Նախիջևան տարանցման իրավունքն ավելի թանկ է, քան՝ համաշխարհային գինը: Իրանը որպես տարանցման վճար գանձում է Ադրբեջանի փոխանակման գազի 15% -ը, մինչդեռ Բաքուն պնդում է, որ նման համաձայնագրերում տարանցիկ երկիրը որպես տարանցման վճար օգտագործում է ընդամենը 5% գազ:

Բաքուն բազմիցս խնդրել է Իրանին ՝ կրճատել իր գազի տարանցման դրույքը, ինչը Թեհրանը չի հաստատել: Մինչև Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը և հրադադարի պայմանագիրն ու Մեղրիի միջանցքի ստեղծման համաձայնությունը՝ 2020-թ. հուլիսին, թուրքական պետական ​​ գազամուղ «Բոթաշ» ընկերությունը մրցույթ է ներկայացրել Իգդիրից Նախիջեւան 80 կիլոմետրանոց գազատարի կառուցման համար՝ 4 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ ( այն Նախիջեւանի գազի պահանջարկի կրկնապատիկն է), որը նախատեսվում է շահագործել 2022 թվականին: Նշված գազը պետք է մատակարարվեր Ադրբեջանի Հանրապետության կողմից  Բաքու-Թբիլիսի-Էրզրում փոխանցող խողովակաշարից, բայց Մեղրիի  միջանցքի ստեղծմամբ և Ադրբեջանի Հանրապետության կողմից դեպի  Նախիջեւան կառուցվող գազատարի կառուցմամբ ոչ միայն Նախիջեւանի գազն է մատակարարվելու, այլև խողովակաշարը կշարունակվի դեպի Թուրքիա և կամրապնդի Ադրբեջանի Հանրապետության արտահանման կարողությունները և թուրքական էներգետիկ հանգույցի դիրքերը: Հաշվի առնելով, որ Իրանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջեւանի միջեւ գազի փոխանակման համաձայնագրի գործողության ավարտին մնացել է ընդամենը 4 տարի՝ կանխատեսելի է, որ ստեղծված իրավիճակի պայմաններում այս համաձայնագիրը չի երկարացվի և Իրանի ակտիվ աշխարհաքաղաքական կարողություններից մեկը կոչնչանա:

Ապագայում Իրան-Թուրքիա գազատարի վերացում. Իրան-Թուրքիա գազատարի պայմանագիրը ստորագրվել է հանգուցյալ Նաջմեդդին Էրբաքանի վարչապետության օրոք: Ըստ իրանական գազի Թուրքիա արտահանման 25-ամյա պայմանագրի, որը ստորագրվել է 1996 թվականին Էրբաքանի Թեհրան կատարած այցի ժամանակ, որոշվեց օրական 30 միլիոն խորանարդ մետր իրանական գազ վաճառել թուրքերին: Այս պայմանագրի ավարտին շատ ժամանակ չի մնացել: ՀՀ  հարավային տարածքով և Նախիջևանով դեպի Թուրքիա տանող Ադրբեջանի Հանրապետության նոր գազատարի կառուցմամբ այս գազատարը նույնպես կկորցնի իր կարևորությունը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մատակարարված գազի գնի շուրջ երկու երկրների միջև տարաձայնությունների պատճառով Թեհրանը և Անկարան երկու անգամ դիմել են միջազգային արբիտրաժին, երկուսի դեպքում էլ Թուրքիան պարտվել է:

Թուրքերը պնդում էին, որ Իրանից ներկրվող  յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի գինը նրանց համար արժե 490 դոլար, իսկ Ադրբեջանի Հանրապետությունից նույնքան գազ ներկրելը նրանց համար կարժենա  335 դոլար, իսկ նույն քանակի գազի համար  նրանք Ռուսաստանին վճարում  են 425 դոլար այն էլ այն դեպքում, երբ  Թուրքիան Ռուսաստանից ավելի շատ գազ է ստանում: Տարանցիկ գազի գնի համար Թուրքիայի պատճառաբանությունները (չնայած միջազգային արբիտրաժային վճռում Իրանի հաղթանակին) և Թեհրանին ուղղորդված մեղադրանքները՝ պարտավորությունների չկատարման և 2020 թ. մարտ ամսի պայթյունից հետո գազատարի վերանորոգման երեք ամսվա ձգձգման համար,  հանգեցնելու են նրան, որ Թուրքիան վերջ կդնի Իրանի խողովակաշարի կյանքին կամ կդարձնի դա ոչ կարևոր՝ ապահովելով գազի մատակարարումը Ռուսաստանից և Ադրբեջանի Հանրապետությունից: Ճիշտ այդ նույն կերպԲաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի կառուցումից հետո Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի դիրքերը թուլացան: Նավթի տեղափոխումն այդ խողովակաշարով այնքան փոքր ծավալի էր, որ Ռուսաստանը երբեմն Բաքվին քիչ ծավալի համար մեղադրում էր:

Ադրբեջանի Հանրապետության «Մեծ եղբոր»՝ Թուրքիայի, գազի էժան փոխանցման երաշխավորման շնորհիվ (Հայաստանի Հանրապետության հարավային միջանցքով՝ Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքով, Ադրբեջանի Հանրապետությունից Նախիջևան գազատարի կառուցմամբ) ապագայում Թուրքիան Իրանից գազ չի ստանա կամ  կտրուկ կնվազեցնի դրա քանակը: «Հարավային Պարսի նոր փուլերով» գազ տեղափոխելու Իրանի ծրագիրը, որը նախատեսում էր Թուրքիայի միջոցով գազը Եվրոպա  տեղափոխել, ապագայում ավելի մեծ խոչընդոտների է հանդիպելու:

Իրանի միջոցով դեպի Թուրքիա Թուրքմենստանի գազի փոխանակման վերացումը.

Իրան-Թուրքմենստան համաձայնագրով Իրանը տարեկան 8 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ էր տեղափոխում Թուրքիա: Սակայն 2017 թվականից Թուրքմենստանը գազի մատակարարումը վերջնականապես դադարեցրել է՝ 2007 և 2008 թվականներին «Թուրքմենգազ» ընկերության կողմից Իրանի ազգային գազ ընկերությունից գազի արտահանման վերաբերյալ 1,8 միլիարդ դոլար պահանջի և վեճերի սրման պատճառով: Իսկ Համիդ Ռեզա Էրաղին՝ ժամանակին Իրանի նավթի նախարարի տեղակալը, հայտարարել է, որ Թեհրանը շահագրգռված չէ Թուրքմենստանի գազը Թուրքիա փոխադրելու մեջ, քանի որ Թուրքմենստանը Իրանի մրցակիցն է՝ դեպի Թուրքիա գազի մատակարարման հարցում, բայց Իրանը թուրքմենական գազը Հայաստան և Ադրբեջանի Հանրապետություն փոխանակելու խնդիր չունի: 2007-ի հունվարին՝ ամեանասատիկ ցրտի ժամանակ, երբ Իրանի ավելի քան 20 մարզեր ջերմաստիճանի կտրուկ անկում էր գրանցվում, «Թուրքմենգազը», օգտվելով առիթից և հակառակ պայմանագրին՝ հայտարարեց, որ թանկացրել է իր գազի արտահանումը դեպի Իրան 9 անգամ ՝  հազար խորանարդ մետրի համար նախատեսված 40 դոլարից հասցնելով 360 դոլարի: Իրանի այն ժամանակվա կառավարությունը ստիպված ընդունեց դա, բայց հետագայում Իրանը մերժեց հարցը և այն ուղարկեց միջազգային արբիտրաժային դատարան: Մեղրիի միջանցքի ստեղծմամբ և Նախիջևան-Թուրքիա ադրբեջանական գազի տեղափոխմամբ Թուրքմենստանի գազի փոխանակումը կդադարեցվի ոչ միայն Թուրքիային, այլև Հայաստանին մատակարարելը, և այդ առումով ևս Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը կնվազեն:

Իրանի դեպի Հայաստան գազատարի թուլացում կամ վերացում.

2004 թվականի մայիսին Իրանը և Հայաստանը ստորագրեցին 20 տարվա գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման համաձայնագիր: Իրանական գազի Հայաստան արտահանման գազատարի առաջին մասն իրականացվել է 2007 թ. մարտի 19-ին` երկու երկրների նախագահներ Մահմուդ Ահմադինեժադի և Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ:  Իրան-Հայաստան գազի փոխանցման նախագծի վերջին փուլն ավարտվեց 2008 թ. դեկտեմբերի 3-ին` Քաջարանի շրջանում գտնվող Իրանի գազատարի միացման միջոցով: 2009 թ. մայիսի 13-ին իրանական գազի արտահանումը Հայաստան սկսվեց Նուրդուզի սահմանին: Իրան-Հայաստան խողովակաշարից գազի փոխանցման հզորությունը 30 դյույմ (1 դյույմը հավասար է 2.54 սմ-ի) տրամագծով և 113 կմ երկարությամբ (Թավրիզի և Հայաստանի սահմանի միջև) տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր է:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել էր, որ Հայաստանը կարող է օգտվել տարածաշրջանում տարանցման և էներգիայի փոխանցման և տրանսպորտային նախագծերի առավելություններից, եթե համաձայնի Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման շուրջ: Ակնհայտ է, որ Հայաստանի կախվածությունը Ադրբեջանի Հանրապետության գազից, կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում Բաքվի գերակայությունը, ինչպես նաև կապահովի Հայաստանի  համաձայնությունը՝  Մեղրիի միջանցքով դեպի Նախիջևան էներգիայի մատակարարման հարցում:  Հետևաբար, հավանական է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանին գազ մատակարարելու  պատրաստակամությունը և ապագայում ավելի էժան գնով գազի մատակարարումը  վերջ կդնի Իրանի և Հայաստանի միջև տարանցիկ գազի մատակարարման քսանամյա պայմանագրին: Միևնույն ժամանակ, այս գործընթացը ոչնչացնում է Իրանից Հայաստան թուրքմենական գազի փոխանակման գաղափարը, որն արդեն առաջարկվել է Թուրքմենստանի, Իրանի և Հայաստանի երեք երկրների միջև:

ԱՄՆ-ի Անդրկասպյան ծրագրի վերածնունդը. Անդրկասպյան ծրագիրը, որը ստորագրվել է 1999 թ. Ստամբուլում  կայացած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գագաթնաժողովի  շրջանակներում՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների միջև: Ծրագրի ստորագրմանը ներկա էր նաև ԱՄՆ նախագահը, որը կոչ էր անում թուրքմենական գազը Կասպից ծովից դեպի Թուրքիա փոխադրել՝ Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության տարածքով: Այդ ծրագիրը բախվեց երկու հիմնական խոչընդոտների, որոնք հանգեցրեցին նրա պաշտոնական ձախողմանը 2001 թ.-ին Աշխաբադի կողմից: Այս երկու խոչընդոտներն էին՝ Կասպից ծովից խողովակաշար կառուցելու իրավական մարտահրավերները  և ճանապարհի երկար ձզվելու հանգամանքը՝ Հայաստանը շրջանցելու և Վրաստանը հատելու պատճառով: Առաջին խոչընդոտը վերացվեց 2018-ի օգոստոսին Կասպից ծովի իրավական ռեժիմի կոնվենցիան ստորագրելու մեջ Իրանի ռազմավարական սխալի պատճառով: Փաստորեն, մինչև Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության  զինադադարի համաձայնագիրը և Մեղրիի կամ Զանգեզուրի միջանցքը ձեռք բերվելը,  պանթուրքիզմի աշխարհագրական գծի միացումը տեղի է ունեցել   Կասպյան իրավական ռեժիմի կոնվենցիայի 11, 12 և 14-րդ հոդվածների շրջանակներում՝ Կասպյան ավազանից խողովակաշար կառուցելու մասին Իրանի և Ռուսաստանի համաձայնագրով:

 Անդրկասպյան ծրագրի երկրորդ խոչընդոտը կվերացվի Զանգեզուրի միջանցքի կառուցմամբ և հող կպատրաստվի ամերիկյան այս ծրագրի վերածննդի համար: Սա Միացյալ Նահանգների և Բրիտանիայի համար կարևոր է երկու դեպքում. առաջին՝ դա նվազեցնում է գազի մատակարարման հարցում Թուրքմենստանի կախվածությունը Ռուսաստանից, Չինաստանից և Իրանից:

Չնայած ներկայումս Թուրքմենստանի գազի արտահանումը Ռուսաստան կազմում է 10 միլիարդ խորանարդ մետրից էլ պակաս, սակայն Թուրքմենստանը տարեկան 35 միլիարդ խորանարդ մետր գազ Չինաստան է տեղափոխում՝  Չինաստանի Կենտրոնական Ասիայի խողովակաշարերով:

Երկրորդ՝ միայն Ադրբեջանի Հանրապետությունը և Շահեդենիզի շրջանը չեն կարող բավարար գազ մատակարարել Թուրքիային և Եվրոպային: TANAP ծրագրի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները կատարելու համար Բաքվին անհրաժեշտ կլինի 4 միլիարդ խորանարդ մետր գազ մինչև 2023 թվականը, իսկ Թուրքիան ցանկանում է ավելի շատ գազ տարանցել տարածաշրջանից Եվրոպա: Այդ մասին դեռևս 2012-ի սեպտեմբերին Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը գազը կգնի Թուրքմենստանից Անդրկասպյան խողովակաշարով:

Ուստի, չնայած խոչընդոտների համառությանը, 2014 թվականի նոյեմբերի 7-ին Թուրքմենստանի «Թուրքմեն​​գազ» պետական ընկերության և Թուրքական մասնավոր «Atagaz» ընկերության միջև Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ներկայությամբ  ստորագրվեց համաձայնագիր՝  գնել և վաճառել թուրքմենական գազը «TANAP» խողովակաշարով:  Համաձայնագրով Թուրքմենստանը պարտավորվեց մատակարարել Անդրանատոլիական (Տրանսանատոլի-ՏԱՆԱՊ) գազատարի համար անհրաժեշտ գազի մի մասը, սակայն նոր համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը  Իրանի տարածքով չէր կարող իրականանալ, քանի որ Թուրքմենստանը Իրանին համարում է իր մրցակիցը դեպի Թուրքիա գազ արտահանելու ոլորտում: Իսկ Կասպից ծովից Վրաստանի տարածքով տարանցումը անհնար էր Կասպից ծովի կոնվենցիայի իրավական ռեժիմի չստորագրման և Վրաստանի երկար ճանապարհի պատճառով: Բայց այժմ Կասպից ծովի իրավական ռեժիմի ստորագրմամբ և Մոսկվայում  ստորագրված Լեռնային Ղարաբաղի զինադադարի համաձայնագրում միջանցքի նախատեսմամբ այդ խոչընդոտները վերացվել են: Տրանսկասպյան ծրագրի վերածնունդը ոչնչացնում է տարածաշրջանի էներգետիկ հավասարումների բալանսը, Իրանի ներկայությունը և իրանական գազի Եվրոպա տեղափոխելու հեռանկարը:

Իրան-Եվրոպա գազատարի կառուցման խոչընդոտների ակտիվացում. Բազմիցս նշվել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը միայնակ  անկարող է գազ մատակարարել «Nabucco» գազատարին (Կասպից ծովից մինչեւ Ավստրիա խողովակաշարը), ինչպես նաև երեք այլ գազատարերի Հարավային Կովկասում և Թուրքիայում (Բաքու-Թբիլիսի-Էրզրում) «Trans Anatolia» (TANAP) և «Trans Adriatic Pipe» (TAP), որոնք ընդհանուր գումարով կոչվում  են «Եվրոպայի Հարավային էներգետիկ միջանցք»:

Դեպի Եվրոպա գազի արտահանման ծավալը, ըստ այս գծերի շրջանակներում սահմանվածի, տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր է, որը Բաքուն չէր կարող առանց Իրանի մատակարարել:  Այնուամենայնիվ, Կասպից ծովից խողովակաշարերի կառուցման խոչընդոտների վերացման և Մեղրիի միջանցքով  տարանցման կրճատման հետ մեկտեղ, եթե Թուրքմենստանի գազը տեղափոխվում է Թուրքմենբաշի նավահանգստից, իսկ ղազախական գազը Ակտաու նավահանգստից Բաքվի նավահանգիստ, իրանական գազի անհրաժեշտություն ընդհանրապես չի զգացվելու կամ շատ է նվազելու:

Հակառակ ավանդական տեսակետին՝ Իրանը պետք է հաշվի առնի մի կարևոր փաստ այն առումով, որ Ռուսաստանը դեմ չէ այդ ծրագրին: Ռուսաստանի Դաշնությունը Սև ծովի հատակից («Թուրք հոսք» գազատար) և Ադրիատիկ ծովի հատակից («Հյուսիսային հոսք» 2) գազատարների երկու նախագծերին մասնակցելով՝ այլևս չի ընդդիմանում  Անդրկասպյան նախագծի վերաբերյալ  բնապահպանական օրենքի գերակայությանը, ինչպես նախկինում Իրանի հետ միասին ընդդիմանում էր: «Nabucco»- ի նախնական ծրագրում դիտարկվում էր Իրաքի, Իրանի և նույնիսկ Եգիպտոսի մասնակցությունը՝ որպես այդ խողովակաշարով գազի մատակարարներ, բայց էներգետիկ հավասարումների  փոփոխության հետ մեկտեղ Իրանի մասնակցությունն այս գազատարին ավելի է թուլացել, քան՝ երբևէ:

Եզրահանգումը:

Հաշվի առնելով վերը նշված բոլոր հանգամանքները՝ այժմ կարող ենք ասել, թե ինչու բրիտանական ծեր աղվեսը և BP- ն, որն այժմ Ադրբեջանի Հանրապետությունում ստվերային կառավարություն է դարձել, սատարում են  պանթուրքիզմի աշխարհագրական գիծը:

Կովկասի էներգետիկ հավասարումների մեջ ամենակարևոր դերակատարումն ունեցող Մեծ Բրիտանիայի և Բրիտանական գաղութային նավթային ընկերության տեսակետի համաձայն՝ պանթուրքիզմի ամբողջականացումը կարող է կասպյան էներգետիկ նախագծերի տնտեսական կենսունակությամբ  ոչնչացնել Իրանի աշխարհաքաղաքական ներուժը:

Հետևաբար, զարմանալի չէ, որ Բաքվում 2006-ին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի բացման արարողությանը մասնակցում էին BP-ի այն ժամանակվա նախագահ Լորդ Բրաունը, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրանք ցույց տվեցին մի քարտեզ, որում Իրանի և Հայաստանի սահմանը ամբողջությամբ կտրված էր և ցուցադրվում էր պանթուրքիզմի աշխարհագրական միջանցքը: Միջանցք, որի առաջին հիմքը դրվեց  Ռեզա Շահի դավաճանությամբ՝ 1923 թվականին «Քարասու»-ն փոխանցելով Թուրքիային և դրանով ապահովելով Նախիջևանի կապը Թուրքիայի հետ: Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգներին համահունչ, համաձայն Արմինյուս և Ամբերիի նման հրեա տեսաբանների տեսակետների, կարծում է, որ Մեծ Թուրանի կամ պանթուրքիզմի գաղափարի ամրապնդումը Չինաստանին, Ռուսաստանին և Իրանին զսպելու շատ արդյունավետ գործիք է՝ առաջիկա տասնամյակների ընթացքում:

Թարգմանությունը՝ Երվանդ Խոսրովյանի, 7 մայիսի, 2021 թ.

norkhosq.net