Զանգեզուրի հայերի էթնոգենեզի առեղծվածը. Ստեփան Լիսիցյան

4450

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է հատվածներ Ստեփան Լիսիցյանի ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅԵՐԸ աշխատությունից, որը հրատարակել է Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1969 թվականին:

pers138700615349       download

Զանգեզուրի հայերի էթնոգենեզի առեղծվածի վրա որոշ լույս են սփռում բարբառագիտական ուսումնասիրությունները: Վերջին ամփոփող աշխատություններ Զանգեզուրի հայրենի հնչյունական և ձևաբանական երևույթների քննությանը նվիրել են պրոֆեսոր Հրաչյա Աճառյանը և գրեթե 30 տարի անց՝ պրոֆեսոր Արարատ Ղարիբյանը: Երկու հետազոտողները դասավորում են այդ բարբառը Ղարաբաղի ենթաբարբառների շարքում, որոնք տարածվում են ընդարձակ տերիտորիայի վրա՝ սկսած Կուր գետի ստորին հոսանքի աջ ափից գրեթե մինչև Ուրմիո լճի ավազանը (Թավրիզ) և արևմուտքում մինչև Գանձակ, Շամշադին և Զագրոշ-Ալանգյազ լեռնաշղթան:

«Նոր հայերէնի 31 բարբառներուն մէջ ամենէն մեծը, ամենէն տարածվածը Ղարաբաղի բարբառն է» (Հ. Աճառյան), որը մի ճյուղն է «ում» բարբառախմբի: Իր տարածությամբ այս բարբառը գրեթե համընկնում է պրոֆեսոր Բունակի վանյան (Ղարաբաղյան) կոչվող մարդաբանական տիպի հետ: Այս բարբառի առանձին ոստերը շատ են հեռացած բուն արեալից: Երկու հետազոտողներն էլ գրեթե նույն հնչյունական և ձևաբանական երևույթներն են գտնում Ղարաբաղի բարբառի մեջ, առանց անջատելու նրանից հատկապես Զանգեզուրի ենթաբարբառի համար հատկանշականները: Սակայն պրոֆ. Ղարբյանը, ավելի խորացնելով իր անալիզը, հայտնաբերում է Զանգեզուրում մի նոր՝ 4-րդ ճյուղի առկայությունը, որը նա անվանում է «ս» ճյուղ և առանձնացնում է «ում» ճյուղից: Թողնելով մի այլ առիթի պրոֆ. Ղարբյանի այն կարծիքի քննությունը թե «հայ բարբառների «ս» ճյուղը կազմավորվել է Սյունի և մեդական ցեղախմբերի և եկվոր սակ (զոկ) ցեղերի լեզուների խաչաձևման հետևանքով», և թե Արդվինի բարբառն էլ պիտի դասվի այդ «ս» ճյուղի մեջ, պետք է հիմնավորված համարել նրա հետազոտության այն եզրակացությունը, որ Զանգեզուրում իրար հանդիպել են երկու, իրարից շատ որոշակի տարբերվող բարբառները: Հյուսիսային շրջաններում, գլխավորապես, Բուն Զանգեզուր կոչվող գավառակում, նույնպես և Սիսիանում մինչև մոտավորապես Արծվանիկ գյուղը գերիշխում են ղարաբաղյան ձևերը, թեև բավականաչափ ազդված «ս» ճյուղի կողմից, որ ես գերադասում եմ անվանել ընդհանրապես՝ զոկական և որի բնորոշ ներկայացուցիչներն են Ագուլիսն ու Մեղրին: Այս ազդեցությունը նկատվում է նաև ավելի հյուսիս՝ Շամախիում, նույնիսկ արդեն Լեռնային Ղարաբաղի սահմաններում՝ Հադրութում: Դեպի հարավ զոկական հատկանիշները ուժեղանում են Ողջի (Օխչի) հովտում, Զանգեզուրի (Արեգունու-Մեղրու-Գյունեյի) լեռնաշղթայի երկու կողմերում և հաղթող են հանդիսանում բուն Արաքսի ափերին՝ Կարճևան-Մեղրի-Շիվանիձոր՝ այժմ Շվանիձոր ավաններում:

Այս ճյուղը կառուցված է բոլորովին առանձնահատուկ քերականական մտածողության վրա, որը արտահայտվում է վաղակատար-ներկա-վաղակատար, անցյալ վաղակատար, ապառնի վաղակատար ժամանակների կազմվելով մի առանձին մասնիկ բառի- նիս, լալ, լալէ, նէլ և այլն հավելումով հիմնական ժամանակների վրա: «Այսպիսի հատկություն չկա մեր ոչ մի այլ բարբառի մեջ»,- ասում է պրոֆ. Ղարիբյանը և ոչ մի հնդեվրոպական լեզվախմբի որևէ անդամի մեջ՝ կավելացնեմ ես: Այս իրողությունը թելադրում է եզրափակել, որ զոկական գավառներում էթնոգենեզին մասնակցել է մի այլ ազգագրական տարր, որը բացակայում է Հայաստանի այլ մասերում: Պե՞տք է արդյոք այդ տարրը կապել եկվոր սակ ցեղերի հետ, ինչպես հակված է կարծելու պրոֆ. Ղարիբյանը, թե՞ մի այլ բացատրություն պիտի որոնել՝ այս խնդիրը առայժմ թողնում եմ առկախ, մինչև լրացուցիչ նյութերի հավաքելը: Այժմ այդտեղ միայն պետք է ընդգծել այն փաստը, որ Զանգեզուրի բնակչության կազմի մեջ բացի զուտ ղարաբաղյան հնդեվրոպական տարրից մտել է հնդեվրոպականից տարբեր էթնիկ տարրը, որը կարող էր կամ նրա հետ դրսից եկած լինել, կամ նրա այստեղ երևալուց առաջ արդեն տեղում գոյացած, գուցե հենց աղվանական շերտի հետ սերտորեն շաղկապված, մի շերտի, որի լեզվական առանձնահատկությունների մասին շատ քիչ (գուցե և գրեթե ոչ մի) անվիճելի և հաստատ բան գիտենք:

Վերջին դեպքում գործ կունենանք մի այսպիսի երևույթի հետ- որ աղվանական նախնական էթնիկ շերտը, ենթարկվելով հնդեվրոպական ժողովուրդների հեղեղի ներխուժման՝ պատռվել, ջլատվել, կորցրել է իր համատարածությունն ու միասնությունը, որ նրա հյուսիսային հատվածներից կտրվել, անջատվել են հարավային հատվածները, որոնք պահպանվել են գլխավորապես Ալանգյազ լեռնաշղթայի և նրանից դեպի հարավ-արևմուտք և հարավ-արևելք ձգվող լեռնաբազուկների միջև զետեղված փակ հովիտների մեջ, նաև փակ Ղարադաղում և նրանից դեպի Ուրիմիո լիճը ձգվող գետահովիտներում:

Հաջորդ նկարագրության մեջ երևան կգա մի այլ զուգահեռ երևույթ՝ Զանգեզուրի հյուսիսային և հարավային մասերի խոսվածքների տարբերության հետ նաև ազգագրական տարբերությունը, որն ամենից շատ արտահայտվում է տների կառուցվածքների և կանացի զգեստների մեջ:

Ո՞ր կողմով է ներթափանցել Զանգեզուրի երկրորդ էթնիկ տարրը, այժմյան ղարաբաղախոս հայ տարրը, որի լեզվի բառերի և քերականական ձևերի մեծ մասը հնդեվրոպական է: Վաղուց է, որ քննելով թե՛ Հերոդոտի հաղորդած տեղեկությունները, թե՛ բևեռագիր արձանագրությունների մեջ պահպանված վկայությունները և թե՛ հնագիտական և ազգագրական տվյալները՝ ես եկել եմ այն եզրակացության, որ Հայկական լեռնաշխարհում VII դարի վերջում մ. թ. ա. Հաստատված հնդեվրոպական ժողովուրդները պատկանում էին կիմմերական ցեղախմբին, որ նրանք ներս են խուժել Կովկասյան շղթայի հարավ, գլխավորապես Կասպից ծովի արևմտյան եզրին ձգվող նեղ հարթավայր հողաշերտով, որը միայն մի հատվածում, այժմյան Դերբենդի մոտ, այնքան նեղանում է, որ Կովկասյան շղթայի մի բազուկը գրեթե ընդհուպ մոտենալով ծովի ջրերին՝ թողնում է երթևեկության համար չափազանց փոքր տարածություն: Այստեղ վերջը, բավականին ուշ, արհեստական ամրություններով մուտքը կապված էր: Այդ ամրությունները ստացան Ճորա պահակ անունը: Դրանք վերջին դարերի Դերբենդի պատերն են իրենց Երկաթե դռնով: Չժխտելով այն փաստը, որ կիմմերական հրոսակների մի մասը մտել է Փոքր Ասիա՝ Ազովյան ծովի մոտից, շրջելով Սև ծովի հյուսիսով դեպի Բալկանյան թերակղզին և այնտեղից անցնելով նեղուցները, հասել է Անատոլիական բարձրավանդակով Հայկական լեռնաշխարհի արևմտյան երկրները, ես այն եզրակացության եմ եկել, որ կիմմերական ժողովուրդների մի այլ հատվածը, այն է՝ նրա արևելյան ճյուղը, որը ենթարկված է եղել ավելի ուժգին սկյութա-իրանական ազդեցությանը, սկյութական ժողովուրդների ճնշման ներքո, թողնելով իր հայրենիքը, ուղղվել է հարավ: Մեծ Կովկասը ունենալով աջ կռանը այդ հատվածը, անցել է Կովկասի շղթայից հարավ ընտանիքներով, անասունով և ահագին գույքով ծանրաբեռնված իր հոծ բազմությամբ՝ հալածող սկյութացիների անդադրում ճնշման տակ: Այն ժամանակ էլ, ինչպես այսօր, միակ հարմար, բնականից գրեթե ոչ մի արգելքի չհասնդիպող անցքն էր՝ Կասպից դուռը կամ Ճորա պահակը:

Այդ ժողովրդական հեղեղը նախ և առաջ ողողել է Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքի տափաստանները և ապա բարձրացրել Փոքր Կովկասի շղթայի վրա՝ սփռվել առանձին, բաժան-բաժան շիթերով Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան կողմերում: Այդ շիթերից մեկը հենց առաջին հերթին թափանցել է Լեռնային Ղարաբաղի լանջերը և նրանց կից Զանգեզուրի հովիտները: Կիմմերական ժողովրդական հեղեղի այդ շիթը դյուրությամբ կարող էր վեր մագլցել Լեռնային Ղարաբաղի, հնում՝ Արցախի գետահովիտներով վեր, դեպի նրանց վերնագավառները և ավելի հարավ՝ Ղարաբաղի շղթայի լեռնանցքներով: Նրանցով այժմ էլ Մուղանի և Դաշտային Ղարաբաղի (Միլի) տափաստաններից ադրբեջանցի քոչվոր տնտեսությունները իրենց անասունը բարձրացնում են Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակի ամառային արոտավայրերը: Սակայն ավելի ազատ, լայն ու հարմար ճանապարհ տափաստաններից դեպի հարավ բացվում էր Դիզակի դաշտի՝ այժմյան Ջեբրաիլի կողմից, Շահիյոլ ճանապարհի ուղղությամբ՝ Դիզափայտ գագաթից դեպի Արաքս փռվող դարավանդներով: Այդ շիթը ողողել է Զանգեզուրի եռանկյունին, առանց նախ դրանից առաջ Արարատյան դաշտը մտնելու և այնտեղից արդեն իր շարժումը դեպի արևելք ուղղելու: Այս վերջին ուղղությամբ նա պիտի հանդիպեր դժվար հաղթելի պատնեշին, այն է՝ Զանգեզուր-Ալանգյազի լեռնաշղթային: Ղարաբաղում և Զանգեզուրում նախահնդեվրոպական էթնիկ տարրի հայացումը կամ արմենիզացիան (հնդեվրոպացումը) կատարվել է Հայկական լեռնաշխարհի այլ մասերից անկախ:

Ընկնելով Որոտան (Բազարչայ) և Հագարու գետերի փակ ավազանը հնդեվրոպական տարրը այդ լճի մեջ հավանականորեն պահպանել է իր նախնական ազգագրական մնացորդային վերապրուկները ավելի երկար, քան Հայկական լեռնաշխարհի այլ մասերում և ինչպես նախորդ դարերում չէր թափանցել այդտեղ ուրարտական թագավորների զենքը և նրա հետ Վանի ավազանում մշակված և Արարատյան դաշտում տարածված ավելի բարձր կուլտուրան, այնպես էլ այնուհետև թե՛ հելլեն-հռոմեական, թե՛ Արշակունյաց և թե՛ Սասանյան ժամանակներում Զանգեզուրը քաղաքական, հասարակական և կուլտուրական տեսակետներով բավականաչափ կտրված էր մնում Արարատյան դաշտում տեղի ունեցող իրադարձություններից:

Զանգեզուրը հեռու էր մնում նաև այնուհետև կատարված ժողովրդական բռնի և կամավոր տեղաշարժերից և տնտեսական խոշոր հեղաշրջումներից: Մինչև վերջին դարերը՝ գրեթե մինչև ռուսական տիրապետության հաստատվելը, ոչ մի տեղ չի հիշատակվում Զանգեզուրում, ինչպես և հարևան Ղարաբաղում, որևէ քաղաքի հիմնարկում կամ որևէ առևտրա-արդյունաբերական կենտրոնի առաջացում, բացի Կապան (Ղափան) քաղաքից, որը նայելով իր ավերակների տարածությունից՝ եղել է ավելի շուտ մի ամրոց-ավան: Նա գրեթե կղզիացած էր մնում մեծ առևտրական ճանապարհներից: Սրանով է բացատրվում, որ Զանգեզուրի «կուլտուրականացումը» համեմատաբար դանդաղ էր ընթանում և որ Մեսրոպ Մաշտոցի քարոզչության և դպրոցական շինարարության մասին խոսելիս՝ Կորյունը V դարի առաջին կեսին, նկարագրելով իր ուսուցչի գործունեությունը՝ նրա այդ գավառներում հանդիպած դժվարությունները անհրաժեշտ է համարում բացատրել նրանով, որ այդ կողմերի բնակչությունը «առավել գազանամիտ, վայրենագույն, ճիվաղաբարոյ» էր:

Շարունակելի

Լուսանկարում՝ տեսարան Սիսիանից