Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է, գտնվում է ծովի մակերևույթից 1.325 մետր բարձրության վրա:
Մինչև 1935 թվականի հունվարի 3-ը Վանաձորն ունեցել է Ղարաքիլիսա, թուրքերենից թարգմանաբար՝ Սև եկեղեցի անունը:
Նախախորհրդային և խորհրդային շրջանում, մինչև 1950 թվականը, Հայաստանում Ղարաքիլիսա անունով մի քանի բնակավայր է եղել:
Որպեսզի շփոթ չլինի, ներկայացնենք դրանք՝ նշելով նաև այսօրվա անունները.
Ղարաքիլիսա – Հարթավան, Ապարանի շրջանում,
Ղարաքիլիսա Թուրքի – Ախուրիկ, Ախուրյանի շրջանում,
Ղարաքիլիսա Մեծ – Կիրովական, ապա՝ Վանաձոր,
Ղարաքիլիսա Փոքր– Ազատան, Ախուրյանի շրջանում,
Ղարաքիլիսա 3-րդ – Ձորաշեն, Ղուկասյանի, այսօր՝ Աշոցքի շրջանում:
1935-ից հետո, ողջ խորհրդային շրջանում, Ղարաքիլիսան վերանվանվել է Կիրովական՝ ի հիշատակ հեղափոխական Սերգեյ Միրոնովիչ Կիրովի:
Վանաձորի բնակչությունը 1831-1931 թվականներին (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 494 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 2.017 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 2.686 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 3.917 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 3.545-ը՝ հայ, 57-ը՝ իսլամ, 217-ը՝ պրավոսլավ, 98-ը՝ այլ
1914 թվական – 6.671 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի)
1914 թվական – 4.251 հոգի (ըստ արխիվային նյութերի)
1916 թվական – 6.861 հոգի
1919 թվական – 7.627 հոգի
1922 թվական – 6.427 հոգի, որից 6.305-ը՝ հայ, 116-ը՝ այլ, 6-ը՝ թրքո-թաթար
1926 թվական – 8.640 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 8.462-ը՝ հայ, 36-ը՝ թուրք, 142-ը՝ այլ
1931 թվական – 10.962 հոգի, որից 10.743-ը՝ հայ, 202-ը՝ ռուս, 17-ը՝ թուրքական խումբ:
Վանաձորը խորհրդային տարիներին ունեցել է հետևյալ բնակչությունը.
1939 թվական – 17.607 հոգի
1959 թվական – 49.423 հոգի
1970 թվական – 106.624 հոգի
1979 թվական – 146.036 հոգի
Խորհրդային վերջին տարիներին Վանաձորի՝ Կիրովականի բնակչությունը հասել է 170 հազարի, ապա կտրուկ անկում է ապրել 1988-ի երկրաշարժի և դրան հաջորդող տարիների շարունակական արտագաղթի պատճառով:
2001 թվականի մարդահամարի տվյալներով Վանաձորն ունեցել է 107.394 բնակիչ, 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 86.199 բնակիչ:
Այսօր Հայաստանի երրորդ քաղաքը ունի 80 հազարից պակաս բնակչություն:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի
Կարդալ և դիտել նաև՝
https://www.aniarc.am/2021/05/25/vanadzor-region-1831-population-villages-korkotian/