Մոլոկաններ. մոնոէթնիկ Հայաստանի էթնիկ գույները

7871

Իվան Մակշանովը ծնվել եւ մշտապես բնակվում է Լերմոնտովոյում, այստեղ են ապրել նաեւ Ռուսաստանի Սարատովի մարզից աքսորված նրա ապուպապերը: ՙՄեր հայրենիքը Ռուսաստանն էր, այնտեղից աքսորեցին: Եթե մեզ աքսորել են եւ այստեղ` Հայաստանում ենք ապրում արդեն ավելի քան 150 տարի, ուրեմն Հայաստանն է մեր հայրենիքը՚, ջրով լի դույլերը դնելով գետնին` ասաց ռուս մոլոկան (molokan) Իվանը:

Եթե դուք անգամ մեկ անգամ եղել եք Երեւանի ծածկած շուկաներից մեկում, որտեղ հիմնականում վաճառում են մրգեր ու բանջարեղեն, ապա հաստատ հանդիպած կլինեք սպիտակ-կարմրաթուշ դեմքերով եւ սպիտակ գլխաշորերով թթու վաճառող երիտասարդ կանաց ու աղջիկների: Երբեմն նրանք կանգնում են նաեւ մարդաշատ փողոցներում` խանութների հարեւանությամբ, եւ անցորդներին իրենց ցածր ու ամաչկոտ ձայնով առաջարկում մանր կտրտած կաղամբի կամ վարունգի թթուն: Նրանք մոլոկաններն են, ովքեր ռուսներ են եւ իրենց հավատի պատճառով 19-րդ դարի 40-ական թվականներին ռուսական տափաստաններից աքսորվել են Արեւելյան Հայաստան, որն այդ ժամանակներում մաս էր կազմում Ռուսական կայսրությանը:

Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի գյուղապետ Էդիկ Չախալյանը ծնվել եւ ամբողջ կյանքն անց է կացրել մոլոկաններ շրջապատում: Նա զարմացած է մոլոկանների աշխատասիրությունից: ՙՕրինակ, եթե 1000 քառակուսի մետրից եթե հայը ստանում է 1.5 տոննա կաղամբ, ապա մոլոկանը ստանում է 4 տոննա: Շատ լավ են մշակում եւ չափազանց աշխատասեր են՚, ասում է գյուղապետը:

Լերմոնտովոյից եւ Ֆիոլետովոյից բացի, որտեղ գերազանցապես մոլոկաններ են բնակվում, Հայաստանում կան ռուսական անունով մի շարք բնակավայրեր, որտեղ ժամանակին ապրել են մոլոկաններ` Պրիվոլնոյե, Սարատովկա, Միխայլովկա, Սեմյոնովկա: Մոլոկանների առաջին խմբերը այսօրվա Հայաստանի տարածքում հաստատվել են 1836 թ.` Սեւանի ավազանում: Նիկոլայ առաջին ցարը Անդրկովկաս էր արտաքսում էր այն ռուսներին, ովքեր չէին ընդունում ռուսական եկեղեցին: Մոլոկանները մաքուր ռուսներ են, ովքեր դեռ 18-րդ դարից սկսել էին այլ կերպ մեկնաբանել ռուսական քրիստոնեական դավանաբանությունը:

ՙՄոլոկանների աղանդը կրոնական երկու մասի է բաժանված, մի խումբը աստվածին է հավատում, մյուս խումբը` աստվածին եւ ոգուն: Այս երկրորդ խումբը հեռուստացույց չունի տներում: Երկու կրոնական խմբերը իրար հետ եւս ունեն շփումների սահմանափակումներ: Աստվածին ու ոգուն երկրպագող մոլոկանները գյուղապետարան չեն դիմում, թոշակ եւ նպատ չեն ստանում, իրանց հավատքը թույլ չի տալիս՚, ասում է Չախալյանը, ով անընդմեջ գյուղապետ է Խորհրդային Միության փլուզումից ի վեր:

Վանաձոր քաղաքից 13 կմ հեռու գտնվող Լերմոնտովոյում բնակվում է 800 ռուս, այսինքն` մոլոկան, 150 հայ եւ 60 եզդի: Երբ Չախալյանին հարցրեցի, թե ինչու է ինքը արդեն 18 տարի գյուղապետ, երբ Լերմոտովոյում հայերը փոքրամասնություն են, պատասխանեց, որ իրեն մոլոկանները լավ են ընդունում: ՙԵս ծնվել եմ այստեղ, այն ժամանակ միայն 4 հայ ընտանիք էր ապրում գյուղում: Մենք եւ մոլոկաններն ու եզդիները միմյանց հետ հաշտ-համերաշխ ենք ապրում՚, ասաց նա:

Լերմոնտովոյում հարգում են Չախալյանին, ով լավ գյուղատնտես լինելուց բացի, ունի մեղմ բնավորություն եւ շփումներում քաղաքակիրթ է: Ոչ միայն Լերմոնտովոյում, այլ ընդհանրապես ամբողջ Հայաստանում, մոլոկանների նկատմամբ խտրականություն չկա: Լերմոնտովոյից ու Ֆիոլետովոյից բացի` մոլոկաններ բնակվում են նաեւ Երեւանում, Դիլիջանում, նրանց թիվը Հայաստանում հասնում է մոտ հինգ հազարի:

Մոլոկանների կրոնական աղանդը Ռուսաստանի Տամբովի նահանգում ձեւավորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին: Մոլոկան անունը կապվում է Ավետարանի ՙհոգեւոր կաթի՚ հետ (մոլոկո ռուսերենից թարգմանաբար նշանակում է կաթ): Մոլոկանությունը սոցիալական բողոքի կրոնական ձեւն էր ընդդեմ ճորտատիրության եւ ռուս ուղղափառ եկեղեցու: Նիկոլայ ցարը Տամբովի մարզից Անդրկովկաս աքսորեց մոլոկանների առաջին խմբերին: Նրանք Հայաստանից բացի հաստատվեցին նաեւ Կարսի մարզում (իմ ձեռքի տակ գտնվող 19-րդ դարի վերջի քարտեզի վրա հաշվեցի մոլոկանների 17 գյուղ, այդ թվում` Վլադիկարս, Նովո-Միխայլովկա, Նովո-Պետրովկա, Վորոնցովկա եւ այլն) եւ Ջավախքում (այսօր էլ դեռ մնացել են, այստեղ նրանք կրում են դուխոբոր անունը, որը ռուսերենից թարգմանաբար նշանակում է ոգու համար պայքարողներ):

Լերմոնտովոն (նախկինում` Վոսկրեսենկա) հիմնադրել են Սարատովի մարզից աքսորվածները: Գյուղապետ Չախալյանը պատմում է, որ գյուղից ամեն օր մոտ երկու տոննա կաթ է տարվում Վանաձոր եւ այնտեղ վաճառվում 200 դրամով մեկ լիտրը: ՙՆույն ձեւով կաղամբը, գազարը, կարտոֆիլը վաճառում ենք Վանաձոր քաղաքում: Գյուղում ունենք 80 ձի` իրենց հետեւի ՙկաչկայով՚, կաթը եւ բերքը բարձում են, տանում քաղաք՚, ասում է նա:

Ես Լերմոնտովոյում եւ Ֆիոլետովոյում եղա մարտի վերջերին, երբ դեռ ամբողջությամբ ձյուն էր: Քեզ թվում է, թե ռուսական ՙգլուբինկայում՚ ես, մարդիկ խոսում են ռուսերեն, նրանց տները հենց այնպիսին են, ինչպես ռուսական գյուղերում` հիմնականում միհարկանի եւ փայտից, ներկված կապույտ գույնով: Լերմոնտովոյի դպրոցը ունի երկու սեկցիա` հայկական եւ ռուսական դասարաններով: Մոլոկանները այնքան էլ չեն ձգտում, որ երեխաները բարձրագույն կրթություն ստանան: Միայն այս վերջին տարիներին որոշները գնում են Ռուսաստան, երբեմն էլ` Երեւան սովորելու: Մոլոկանները հայերեն հասկանում են, բայց շատ վատ են հայերեն խոսում:

Նախկինում Երեւանի ռուսական դեսպանությունը կամ Գյումրիի հյուպատոսությունը օգնում էր մոլոկաններին, հիմա քանի տարի է` անուշադրության են մատնել:

Այս հանգամանքը մոլոկաններին, հատկապես այն խմբին, որը հավատում է աստվածին եւ ոգուն, այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ նրանք միայն իրենց աշխատանքն են վայելում եւ անգամ հրաժարվում են թոշակից ու նպաստից: Ընդհանրապես, մոլոկանները ապրում են ամփոփված կյանքով, շատ հազվադեպ են աղջիկ տալիս այլ ազգի կամ աղջիկ առնում: Օրինակ, եթե հայ տղան ուզում է մոլոկան աղջկա հետ ամուսնանալ, ապա նախ պետք է նրանց աղանդի անդամը դառնա: Մոլոկանները այնքան էլ չեն սիրում, երբ իրենց նկարում են:

Ֆիոլետովո գյուղի ռուսական դպրոցի գրադարանավար Օլգա Զադորկինան խնդրեց, որպեսզի իրեն չնկարեմ, բայց համաձայնվեց զրուցել: ՙՄենք ծնվել եւ բնակվում ենք այստեղ, սա մեր հայրենինքն է: Երբեմն, երբ մերոնք գնում են Ռուսաստան աշխատանքի, այնտեղ հանդիպող հայաստանցիներին են անվանում իրենց հայրենակիցը: Մենք հյուրասեր ենք, ինչպես հայերը: Երբ գնում ենք Ռուսաստան, մեր հարազատները  մեզ ասում են, որ մեր ռուսերենի առոգանությունը հայկական է: Մենք հավատում ենք կանդանի աստծուն: Ամեն կիրակի մենք ունենում ենք հավաքներ, ինչպես աստված է ասում` ամեն կիրակին նվիրի ինձ: Ամեն հավաք ունենում է իր ղեկավարը: Մեր սուրբ գիրքը Աստվածաշունչն է, մենք չենք հավատում խաչին, իկոնաներին՚, ասաց Օլգան:

Ֆիոլետովոյի (նախկինում` Նիկիտինո) բնակիչները այստեղ են աքսորվել 1840 թ. Տամբովի մարզի Ալգասովո գյուղից: Աքսորվել է 57 ընտանիք, այսօր` մոտ 170 տարի անց նրանց թիվը 1500 է: Ֆիոլետովոն Դիլիջանից Վանաձոր ճանապարհի առաջին գյուղն է: Գյուղում միայն 8 հայեր են ապրում` երկու եղբայրներ իրենց ընտանիքով: Մինչեւ 1988 թվականը Ֆիոլետովոյի ծայրամասում ապրում էին մոտ 35-40 ադրբեջանական ընտանիքներ:

Ֆիոլետովոյի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալլա Ռուդյամոդկինան ասաց, որ մոլոկանները բարձրագույն քիչ են ընդունվում, քանի որ ինչպես դպրոցական տարիքից, այնպես էլ դպրոցն ավարտելուց հետո շատ են օգնում իրենց ծնողներին: Ալլան պատմեց, որ մոլոկաններին արգելված է ոգելից խմիչք օգտագործելը, չի խրախուսվում նաեւ հեռուստացույց դիտել: Երեկոյան ժամերին մոլոկանները նախընտրում են գիրք կարդալ, հիմնականում` Աստվածաշունչը: Իսկ ամեն կիրակի նրանք հավաքվում են տարբեր տներում եւ իրենց կրոնական արարողություններն անում:

Մոլոկանները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ: Խորհրդային տարիներին, երբ Հայաստանից գնացքներ էին աշխատում դեպի անծայրածիր տերության տարբեր մասեր, մոլոկանները իրենց պատրաստած թթուն վաճառում էին տարբեր քաղաքների շուկաներում: Երբ Հայաստանը անկախացավ ու հայտնվեց շրջափակման մեջ, մոլոկանների համար այլեւս անհնար դարձավ նախկինի նման մեծ տակառներով թթուն տեղափոխել այլ վայրեր ու վաճառել: Հիմա նրանց շուկան Հայաստանն է` ակնհայտորեն նեղ տասնյակ հազարավոր տոննաներ կաղամբ ստացող աշխատասեր մոլոկանների համար:

Ֆիոլետովոյի գյուղապետ Ալեքսեյ Նովիկովը ասաց, որ հիմնականում հողով են ապրում: ՙՀողերը հարուստ չեն, միայն աշխատասիրության հաշվին ենք ստանում լավ բերք: Խորհրդային ժամանակներում մենք զբաղվում էինք գերազանցապես կաղամբագործությամբ, ստացված կաղամբը թթու էինք դնում եւ ամբողջ երկրում էինք վաճառում` Մոսկվա, Ուկրաինա, Ուրալ, բազմաթիվ այլ տեղեր: Հիմա արդեն իրացնում ենք միայն Հայաստանի շուկայում: Հայերը գալիս են, պայմանավորվում ենք գինը, տանում են իրենք վաճառում՚, ասաց Նովիկովը:

Նա ասաց, որ մոլոկանները Հայաստանում ազգային կամ կրոնական խտրականություն չեն զգում: Նա հաստատեց, որ ճիշտ է, կրոնական իմաստով հեռուստացույց դիտել չի խրախուսվում եւ ավելի լավ է թերթ կարդալ, բայց նաեւ հեռուստացույց նայելու արգելք չկա:

ՙՄենք մեր հայրենիքը համարում ենք Հայաստանը: Ռուսաստանը մեր հայրենքը չէ, այսպես քեզ կասեն հատկապես պրիսվիտերները, քանի որ ժամանակին մեզ Ռուսաստանից աքսորել են: Մենք Ռուսաստանին պետք չենք եղել: Պետք չենք եղել, ուրեմն` պետք չենք: Հայերը մեզ ընդունել են: Այո, 1930-ական թթ. եղել են ռեպրեսիաներ, տուժել են բոլորը, այդ թվում` այստեղի մոլոկանները: Հայրենական մեծ պատերազմում գյուղը տվել է 85 զոհ, իսկ ավելի քան 90-ը աքսորվել են, որոնցից միայն մեկ-երկուսն են վերադարձել: Բայց Հայաստանի իշխանությունների կողմից մեր նկատմամբ չեն եղել ճնշումներ, չի եղել խտրականություն, իսկ Ռուսաստանում եղել է՚, ասաց Նովիկովը:

ՙՄենք ապրում ենք հայերի մեջ: Եթե ունես հայ ընկեր, որ հրավիրում է հարսանիքի, գնում ես, բայց այնպես շատ չենք շփվում, յուրաքնաչյուրը` իր շրջապատի մեջ է: Լինում են նաեւ շատ հազվադեպ հարսանքիներ հայերի հետ՚, ավելացրեց գյուղապետը, ընդգծելով, որ մոլոկանները հայկական բանակում ծառայում են:

Մոլոկանները ապրում են համեստ, բայց ազնիվ եւ աշխատասեր կյանքով: Նրանք չեն ձգտում հարստության, բայց անպայման օգնում են հարեւանին կամ բարեկամին: Նրանք կենցաղում ընդունում են սոցիալական արդարությունը, հավասարությունը: Նրանց տները մեծ չեն եւ ոչ էլ շքեղ, բայց հաստատ մաքուր են ու կոկիկ: Նրանց թիվը Հայաստանում ընդամենը 5000 է, բայց առանց նրանց Հայաստանը կդառնար առավել մոնոէթնիկ:

Թաթուլ Հակոբյան

Այս ռեպորտաժը առաջին անգամ հրապարակվել է 2009-ի ապրիլին THE ARMENIAN REPORTER շաբաթաթերթում