Խորհրդային Հայաստանի տարածքը՝ ըստ 1920 թ. դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի

14232

Քարտեզը՝ 1927 թվականի

Երևանում 1920 թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Սոցիա­լիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված համաձայնագրով դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Հայաստանը հայտարարվեց «անկախ Սոցիալիստական Խորհր­դային Հանրապետություն»:

Խորհրդայնացումից հետո՝ մինչև Անդրկովկասյան դաշնության և ԽՍՀՄ կազմավորումը 1922 թ., Խորհրդային Հայաստանն ուներ ինքնիշխան կարգավիճակ, պետականությունն արտահայտող խորհրդանիշներ, Սահմանադ­րություն և այլն: Երևանի համաձայնագրով «խաղաղ ճանապար­հով խորհրդայնացած Հայաստանը դիտվում էր անկախ պետու­թյուն,- նշում է պրոֆեսոր Ա. Հակոբյանը, մանավանդ որ նա հանդիսանում էր միջազգայնորեն (դե ֆակտո և դե յուրե) ճանաչ­ված Հայաստանի Հանրապետության իրավահաջորդը»:

Դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագիրը հետ­խորհրդային հայ պատմագիտության կողմից թեև արժանացել է քննախույզ ուսումնասիրման և պատմաիրավական տարբեր գնահատականների, այդուհանդերձ, մեր կարծիքով, հիմնա­վոր ուշադրության չի արժանացել այն փաստը, որ համաձայնա­գիրը հանդիսացավ անդրանիկ միջազգային փաստաթուղթը, որում նշված է հայկական մի շարք տարածքների` Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությանն (ՀՍԽՀ) «անվիճելի կերպով» պատկանելու մասին:

Պետք է նկատի ունե­նալ, որ Առաջին Հանրապետության կողմից 1918-1920 թվականներին ստորագրված և ոչ մի միջազգային պայմանագրով, չեն որոշվել Հայաստանի Հանրապետության ամբողջական տա­րածքներն ու սահմանները, դրանցում որոշվում էր ընդամենը հայ-թուրքական սահմանագիծը:

ՀՍԽՀ կազմում «անվիճելի կերպով» մտնող տարածքները նշված են Երևանի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի 3-րդ հոդ­վածում, որով Ռուսաստանի կառավարությունն ընդունում էր, որ Խորհրդային Հայաստանին պատկանում են Երևանի նահանգն իր բոլոր գավառներով, Կարսի մարզի մի մասը, որը զինվորա­կան տեսակետից կապահովի երկաթուղու անվտանգությունը` Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի այն մա­սը, որի սահմանները որոշված են օգոստոսի 10-ի համաձայնու­թյան (Թիֆլիսի 1920 թ. հայ-ռուսական-հեղ.) շրջանակներում և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրա­պետության տակ էին մինչև 1920 թ. սեպտեմբերի 28-ը (մինչև թուրք-հայկական պատերազմի սկիզբը-հեղ.):

Հայաստանում ՌՍԴԽՀ կառավարության լիազոր ներկայա­ցուցիչ Բորիս Լեգրանը, ով խորհրդային կառավարության անու­նից ստորագրել էր դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, վերջինիս բովանդակության մասին նույն օրը Երևանից հեռագրում է ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի անդամ Գ. Օրջոնիկիձեին՝ հա­տուկ ընդգծելով համաձայնագրի հենց 3–րդ հոդվածը. «Ռուսաս­տանի խորհրդային կառավարության անունից հայտարարել եմ, որ Ռուսաստանը Խորհրդային Հայաստանի կազմում անվերա­պահ ճանաչում է Երևանի նահանգը, Կարսի մարզի մի մասը…, Զանգեզուրի գավառը, Ղազախի գավառի մի մասը… և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև թուրքական հարձակումը»:

Երևանի համաձայնագիրը ստորագրվել էր տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական բարդ իրավիճակում, երբ Խորհրդային Ռուսաստանն աշխատում էր ամեն գնով արագացնել Հայաստանի խորհրդայնացումը: Ուստի հայկական կողմի հետ բանակցություն­ներում Լեգրանը երբեմն գործում էր անձնական նախաձեռնությամբ, և, փորձելով անցկացնել «սեփական քաղաքականությունը» Հայաստանի հարցում, դուրս էր գալիս իրեն տրված իրավասու­թյունների շրջանակներից: «Լեգրանի դրությունը հասկանալի է,- հայտնում էր Մոսկվա Օրջոնիկիձեն,- նա չափից ավելին է խոս­տացել հայկական նախկին կառավարությանը»:

Մյուս կողմից, ինչպես նշում է ակադեմիկոս Խուրշուդ­ յանը, «նման պայմաններում Հայաստանին արված տարածքա­յին խոստումների մասին Լեգրանի հաղորդումը չհանդիպեց Մոսկվայի դիմադրությանը: Ի վերջո, թե՛ Լեգրանի կնքած համաձայնագիրը, թե՛ Բաքվի հռչակագիրը (նկատի ունի Խորհրդային Ադրբեջանի հեղկոմի նոյեմբերի 30–ի հռչակագիրը, որով Զան­գեզուրը և Նախիջևանը հայտարարվում էին Հայաստանի մա­սեր, իսկ Ղարաբաղի լեռնային մասին տրվում էր ինքնորոշման իրավունք-հեղ.) մարտավարական նշանակություն ունեին»:

Սա էր պատճառը, որ Խորհրդային Ռուսաստանը գործնականում հետամուտ չեղավ դեկտեմբերի 2-ի համաձայնագրով ստանձ­նած պարտավորությունների, այդ թվում` տարածքային–սահմա­նային հարցի կատարմանը: Դրան որոշակի նպաստում էր նաև Հայաստանի հեղկոմի քաղաքականությունը:

Սարգիս Կասյանի գլխավորությամբ դեկտեմբերի 6–ին ժամանելով Երևան հեղ­կոմը փաստորեն «անվավեր ճանաչեց» և «առ ոչինչ համարեց դեկտեմբերի 2-ի ակտը»,- փաստում է իրադարձությունների ականատես և մասնակից, խորհրդային պետական-կուսակցա­կան գործիչ Աշոտ Հովհաննիսյանը:

«Նման դեպքում,- նշում է Խուրշուդյանը,- Ռուսաստանը մեխանիկորեն իր վրայից գցում էր Լեգրանի կողմից Հայաստանին տարածքային զիջում­ներ անելու խոստումների կատարման պարտավորությունը»:

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Հայհեղկոմի դիրքորոշու­մը «դեկտեմբերի 2-ի ակտի» վերաբերյալ առավելապես պայմա­նավորված էր նրանով, որ հեղկոմը վճռական էր տրամադրված Հայաստանի խորհրդայնացման դափնիներն ամբողջությամբ իրեն վերագրելու հարցում, նաև չէր պատրաստվում իշխանու­թյունը Հայաստանում կիսել որևէ քաղաքական ուժի հետ, նամանավանդ՝ ՀՅԴ–ի, ՀՍԽՀ տարածքային-սահմանային խնդրին վերաբերող հայ-ռուսական համաձայնագրի հոդվածն ամենից քիչն էր հետաքրքրում Հայհեղկոմին: Դեռևս դեկտեմբերի 3-ին  Լեգրանի հետ հեռագրազրույցում Կասյանը նշում էր, որ «ոչ թե Դրոն, այլ Հայաստանի հեղկոմն է Հայաստանը հռչակել անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն», և դրանից ելնելով՝ պետք է «անվավեր ճանաչվի և Ձեր համաձայ­նությունը Դրոյի հետ», Լեգրանը նույնպիսի վճռականությամբ Կասյանին հակադարձում էր, որ «դա ամենևին չի փոխում իրա­վիճակը և ոչ ոք իրավունք չունի չեղյալ հայտարարելու իր կողմից ստորագրված համաձայնագիրը»:ՀԱԱ, ֆ. 1021, ց. 2, գ. 1154, թ. 1:

Այդուհանդերձ, անդրադառնանք այն խնդրին, թե դեկտեմ­բերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի 3-րդ հոդվածով հայ­կական որ տարածքներն էին ընդգրկվելու նորաստեղծ խորհր­դային հանրապետության կազմում և որքան էր կազմելու վերջի­նիս ընդհանուր տարածքը:

  1. «Երևանի նահանգն (նահանգը կազմված էր 7 գավառից՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Էջմիածնի, Նոր Բայազետի, Սուրմալուի, Շարուր–Դարալագյազի և Նախիջևանի) իր բոլոր գավառներով», այն է` շուրջ 26.400 քառ. կմ: „Кавказский календарь на 1915 г.“, Тифлис, 1914, „Отдел статистический“ (այսուհետև՝ ОС) էջ 250, „Кавказский календарь на 1917 г.“, Тифлис, 1916, ОС, էջ 218): Վարչամիավորների տարածքները տրված են Ռուսական կայսրությունում ընդունված քառակուսի վերստերով, որոնք վերածել ենք քառակուսի կիլոմետրերի  (1 քառ. վերստ = 1,138 քառ. կմ): Այս (նաև Զանգեզուրի գավառի) դեպքում կար­ծես որևէ անորոշություն չկա:
  2. «Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը», որը զբաղեցնում էր շուրջ 7673,4 քառ. կմ տարածք: «Кавказский календарь на 1915 г.», ОС, էջ 230, «Кавказский календарь на 1917 г.», ОС, էջ 194  Ավելացնենք, որ Զանգեզուրի գավառը ներառում էր ժամանակակից Հայաստա­նի Հանրապետության Սյունիքի մարզը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանն ամբողջությամբ, Բեր­դաձորի (1920 թ.՝ Ղարաղշլաղ) ենթաշրջանը (այժմ` ԼՂՀ Շուշիի շրջանում), ինչպես նաև Մեծ Քիրս լեռնագագաթի (2725 մ) հա­րավարևմտյան ստորոտին ընկած «Ղուզեյի գյուղերը» (այժմ` ԼՂՀ Հադրութի շրջանում):
  3. Երևանի համաձայնագրի «Կարսի մարզի մի մասը, որը զին­վորական տեսակետից կապահովի երկաթուղու անվտանգությու­նը` Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը» սահմանումը բավական անորոշ ձևակերպում է: Ուստի առկա քարտեզագրական նյութի վերլուծության միջոցով փորձենք պարզել Կարսի մարզի այն տարածքը, որը տեսականորեն կարող էր անցնել Խորհրդային Հա­յաստանին: Նկատի ունենալով, որ վերոհիշյալ կայարանների միջև ձգվող երկաթգիծը գրեթե ամբողջությամբ անցնում էր Ախուրյան (1920 թ.` Արփաչայ) գետի երկայնքով, տրամաբանական է կար­ծել, որ ՀՍԽՀ համար նախատեսվող շրջանի մեջ պետք է ներառ­վեին նախկին Կարսի մարզի համանուն շրջանի (օկրուգ) Աղբա­բայի, Զարիշատի և Շորագյալի (Արևմտյան Շիրակ), ինչպես նաև Կաղզվանի շրջանի (օկրուգ) Նախիջևանի տեղամասերը: Նշված վարչամիավորները, ինչպես նշեցինք, ձգվում էին Ախուրյան գետի երկայնքով և դրանց ընդգրկումը ՀՍԽՀ կազմում կապահովեր այն ռազմավարական «խորությունը», որը հնարավոր կդարձներ Հայաստանի հյուսիսային շրջաններն Արարատյան դաշտի և Երևանի հետ կապող երկաթուղու անխափան և անվտանգ շահագործու­մը հայկական իշխանությունների կողմից: Աղբաբայի տեղամասը զբաղեցնում էր շուրջ 650 քառ. կմ տարածություն` ընդգրկելով Արփի լճի ավազանն ու Ախուրյանի ակունքների շրջանը: Տեղամա­սը Կարսի մարզի միակ տարածքն էր, որ գրեթե ամբողջությամբ մնաց խորհրդային հանրապետության կազմում (այժմ` ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջան): Զարիշատի տեղամասը, որն ընկած էր Աղբաբայից հարավ, զբաղեցնում էր շուրջ 1256,5 քառ. կմ տարածություն, իսկ Շորագյալը ներառում էր պատմական Անիի շրջանը` մինչև Կարսագետի և Ախուրյանի միախառնման վայրը` զբաղեցնելով շուրջ 1151,4 քառ. կմ տարածություն: Ինչ վերաբե­րում է 4-րդ` Կաղզվանի շրջանի Նախիջևանի տեղամասին (պատ­մական Շիրակի հարավ արևմտյան հատվածը), ապա այն Անիի հարավային մատույցներից ձգվում էր մինչև Սուրմալուի գավառի վարչական սահմանը` զբաղեցնելով շուրջ 1359 քառ. կմ տարածու­ թյուն: Այսպիսով` Կարսի մարզից ՀՍԽՀ–ին անցնող տարածքը կազմելու էր շուրջ 4417 քառ. կմ, ինչը նախկին մարզի (տարածքը` 18738,5 քառ. կմ) գրեթե 1/4 մասն էր: Այս կապակցությամբ նշենք նաև հետևյալը: Վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բ. Հարությունյանը խնդրին առնչվող իր բոլոր քարտեզ­ներում ՀՍԽՀ–ին անցնող վերոհիշյալ տեղամասերի հետ միասին ներառել է նաև Կարսի մարզի Արդահանի շրջանի (օկրուգ) Չլդըրի տեղամասը, որը կազմում էր շուրջ 1095 քառ. կմ: Այս վարչա­միավորը, տարածվելով մինչև Թիֆլիսի նահանգի Ախալքալաքիգավառի հարավային սահմանագլուխը, խիստ հեռու էր ընկած, որպեսզի ուղղակի վտանգ ներկայացներ հայկական երկաթուղու համար: Ուստի կարծում ենք, որ Չլդըրի տեղամասի ընդգրկվելը ՀՍԽՀ–ին Կարսի մարզից հատկացվելիք տարածքների մեջ այն­ քան էլ հիմնավորված չէ:4. Երևանի համաձայնագրի 3–րդ հոդվածի՝ «Ղազախի գավառի մի մասը, որի սահմանները որոշված են օգոստոսի 10-ի համաձայնության շրջանակներում» ձևակերպումը նույն­պես որոշակի լուսաբանման կարիք ունի: Նախ հարկ է նշել, որ Թիֆլիսի 1920 թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայ­նագրով, որը ռուսական կողմից ստորագրել էր Լեգրանը, իսկ հայկական կողմից՝ Ա. Ջամալյանն ու Ա. Բաբալյանը, Խորհրդա­յին Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը: Համաձայնագրով իրավական ձևակերպում էր ստանում ՌՍԴԽՀ զորքերի կողմից Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի «ժամանակավոր» զինագրավումը, որով Ռուսաս­տանը «ստեղծում է բարենպաստ պայմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը խաղաղ կարգավորելու համար»: Մասնավորապես, ինչ վերաբերում էր Ղազախի գա­վառին, ապա կողմերը համաձայն էին, որ ՀՀ զորքերը մնան այն գծի վրա, որը նրանք զբաղեցնում էին հուլիսի 30-ի դրու­թյամբ: Փաստորեն, խորհրդային կառավարությունը ճանա­չում էր Ղազախի գավառի տարածքում 1918–1920 թթ. ձևավոր­ ված հայ-ադրբեջանական սահմանը:Ղազախի գավառը (տարածքը` շուրջ 5800 քառ. կմ)«Кавказский календарь на 1915 г.», ОС, с. 230. Հմմտ.՝ «Кавказский календарь на 1917 г.», ОС, էջ 194, որը մինչև 1918 թ. մտնում էր Ելիզավետպոլի նահանգի մեջ, ազգագ­րական առումով կազմված էր երկու՝ հայկական (արևմուտքն ուհարավը) և մահմեդական (արևելքն ու հյուսիսը) մասերից: Հայ­կականը, որը կազմում էր գավառի մեծ մասը, հիմնականում ընդգրկում էր ժամանակակից ՀՀ Տավուշի մարզի գրեթե ամբողջ տարածքը (2587 քառ. կմ):Տավուշի մարզի տարածքից դուրս էր մնում Կողբ գետակի (Կուրի վտակներից) և Դեբեդի միջև բարձրացող Գուգարաց լեռնաշղթայով ձգվող ջրբաժանից արևմուտք ընկած փոքր հատվածը, որը, լինելով Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի կազմում, 1919 թ. մտցվել էր Լոռու չեզոք գոտու մեջ: Այս հատվածն ընդգրկում է ժամա­նակակից ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի (նախկին շրջանը) Այրում քաղաքը և Բագրատաշեն (1920 թ.՝ Լամբալու), Զորական (1920 թ.՝ Վերին Քյորփլու կամ Քերփլի), Լճկաձոր (Աչքաձոր), Արճիս, Դեղձավան, Դեբետավան, Հաղթանակ, Պտղավան գյուղերը՝ 117,35 քառ. կմ ընդհանուր մակերեսով (հաշ­վարկն ըստ` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատու», Երևան, 2012, էջ 101 (այսուհետ՝ Տեղեկատու):   Միաժամանակ հայկական հատվա­ծի մեջ էին մտնում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի (ն.` Կրասնոսելսկի շրջան) Աղստև գետի Գետիկ վտակի հովտում ընկած հյուսիսային բնակավայրերը՝ ներառյալ շրջկենտրոնը, ինչպես նաև Արծվաշեն (1920 թ.՝ Բաշգյուղ կամ Բաշքենդ) ավանն իր շրջակայքով: Ընդ որում, ինչպես ցույց են տվել փաստերը, վերջինիս հետ Առաջին Հանրապետության մաս են կազմել նաև Ախնջի գետակի (Տավուշի բազուկը) ակունքնե­րի շրջանը և Կուրի մեջ թափվող Ասրիկչայից արևմուտք ընկած տարածքը, որը ձգվում էր մինչև Տավուշի մարզի Բերդի տարա­ ծաշրջանի (ն.` Շամշադինի կամ Տավուշի շրջան) ծայրարևելյան սահմանագլուխը: Փաստորեն, 1918–1920 թվականներին այս հատվածում պահպանվել էր երբեմնի Ղազախի ու Ելիզավետ­պոլի գավառների վարչական սահմանագիծը: Մեր հաշվարկնե­րով, վերը նշված սահմաններում, պայմանականորեն Ճամբարա­կի և Արծվաշենի անվանված ենթաշրջանները զբաղեցնում էին ավելի քան 610 քառ. կմ տարածք, որից 356,4 քառ. կմ-ը բա­ ժին էր ընկնում առաջինին, իսկ 254 քառ. կմ–ը՝ երկրորդին:Վերջապես, Ղազախի գավառի հայկական հատվածի սահ­մանների ճշտգրտման համար հարկ է քննարկել ևս մի հողատա­րածքի հարցը, որը մեր հանրապետության համար ուներ (և առ այսօր ունի) ռազմավարական բացառիկ կարևորություն: Խոսքը ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի տարածաշրջաննե­րի միջև սեպի նման խրված Ներքին Աքսիփարայի (թրք.՝ Aşağı Aksipara, աղավաղված հայկական Ոսկեպարից) ենթաշրջանի մասին է, որը համընկնում է նախկին Ղազախի գավառի երկրորդ ոստիկանական տեղամասի ութ թաթարաբնակ գյուղերից կազմ­ված Աքսիփարայի (Аксибара) գյուղական հասարակությանը:«Кавказский калвендарь на 1917 г.», ОС, с. 58. 1918–1920 թվականներին այս տարածքը նույնպես գտնվել է Հայաստանի Հանրապետության կազմում: Սա երևում է ՀՍԽՀ ներքին գործերի ժողկոմատի կողմից 1923 թ. մարտի 21–ին կա­ռավարություն առաքված մի զեկուցագրից, ուր մասնավորապես նշված է. «Փաստացի սահմաններից Ադրբեջանը պահանջում է Իջևանի գավառի Բարանայի (այժմ՝ Նոյեմբերյան) շրջանի Աքսիփարայի անտառային մասը, որը բաժանված է երկու մասի և կազմում է Բարանայի շրջանի ամենամեծ մասը»:ՀԱԱ, ֆ. 112, ց. 2, գ. 3, թ. 43 Նույն փաս­տաթղթում հանդիպող լրացուցիչ տվյալներից պարզվում է,  որ «երկու մաս» ասելով՝ հասկացվել է ինչպես հայկական Ոսկեպա­րից արևմուտք գտնվող Վերին, այնպես էլ արևելք ընկած Ներքին Աքսիփարա նույնանուն գյուղերը: Ի դեպ՝ Առաջին Հանրապե­տության տարածքում են եղել Ն. Աքսիփարայի հարևան մի քա­նի գյուղեր ևս (Բաղանիս–Հայրում, Ղուշչի–Հայրում, Մազամլու, Հայրըմլու): Այդ հողատարածքը կազմում էր շուրջ 60 քառ. կմ: Անշուշտ, հարևան հանրապետության ղեկավարությունը հեռա­հար նպատակներ էր հետապնդում, երբ պահանջում էր վերոհիշ­յալ ենթաշրջանը: Ըստ էության, դրա նպատակն էր տարանջա­տել Հայաստանի հյուսիսարևելյան շրջանները, սեպաձև խրվել մեր հանրապետության տարածքում և շարունակել ավանդական դարձած զավթողական քաղաքականությունը:Ամփոփենք. ըստ էության՝ 1920 թ. կեսերին Հայաստանի իրավասության ներքո Ղազախի գավառից շուրջ 3260 քառ. կմ տարածք:5. Երևանի համաձայնագրի 3-րդ հոդվածի՝ «Թիֆլիսի նահան­գի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920 թ. սեպտեմբերի 28–ը», ձևակերպման մեջ պետք է հասկանալ նախկին Բորչալուի գավառի այն հատվածը, որը տարածվում էր Ձորագետից անմիջապես հարավ` մինչև նախ­կին Երևանի նահանգի հյուսիսային սահմանը և մտնում էր վե­րոհիշյալ վարչամիավորի Լոռու ոստիկանական տեղամասի մեջ: Այս հատվածում էին գտնվում 11 գյուղական հասարակություններ՝ իրենց 26 բնակավայրերով: Ըստ էության, Խորհրդային Հայաս­տանի կազմում ընդգրկվելու էին ներկայիս ՀՀ Լոռու մարզի Ալա­վերդու (ն.` Թումանյանի) ներառում էր ներկայիս Դսեղ, Մարց, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան, Չկալով (ն.՝ Սադիբագդի) համայնքներն իրենց հողատարածքներով և Ստեփանավանի ներառում էր ներկայիս Ստեփանավան քաղաքը (1920 թ.՝ Ջալալօղլի), ինչպես նաև Ամրակից (ն.՝ Նիկոլաևկա, խորհրդային շրջանում՝ Կիրով), Արմանիս, Գարգառ (ն.՝ Հայ Գյառգյառ), Գյուլագարակ, Կաթնաղբյուր (ն.՝ Ղոթուրբուլաղ), Կուրթան, Հո­բարձի, Պուշկինո (ն.՝ Ռուս Գյառգյառ), Վարդաբլուր, Ուրասար (1920 թ.՝ Նովո-Պո­կրովկա, խորհրդային շրջանում՝ Կույբիշև) համայնքներն իրենց հողատարածքներով տարածաշրջանների հարավային, Վանաձորի տարածաշրջանի (ն.` Գուգարքի շրջան) հյուսիսային և Տաշիրի տարածաշրջանի (ն.` Կալինինոյի շրջան) հարավարևմտյան հատվածները՝ շուրջ 1060 քառ. կմ տարածու­ թյամբ: Նշված տարածքից ամենամեծ մասնաբաժինը հասնում է Ստեփանավանի (407,5 քառ. կմ) և Ալավերդու տարածաշրջան­ներին (335,5 քառ. կմ): Վանաձորի և Տաշիրի տարածաշրջան­ներից Խորհրդային Հայաստանին անցնող մասերը կազմում էին համապատասխանաբար՝ 144,3 և 90 քառ. կմ: ներառում էր ներկայիս Վանաձորի տարածաշրջանի հետևյալ համայնքները. Ձո­րագյուղ, Ձորագետ (ն.՝ Քոլագերան քաղաքատիպ ավան), Անտառամուտ (ն.՝ Քոլա­գերան), Վահագնի (1920 թ.՝ Շահալի), Եղեգնուտ (1920 թ.՝ Ղամշկուտ), Դեբետ (1920 թ.` Խաչիգյուղ), Վահագնաձոր: Տաշիրի տարածաշրջանից միայն այժմյան Կաթնառատի համայնքի տարածքն էր ամբողջությամբ ընդգրկվելու ՀՍԽՀ կազ­մում: Բացի այդ՝ Խորհրդային Հայաստանի մաս էր կազմելու նաև ներկայիս Մեղ­վահովիտ (ն.` Թազաքենդ կամ Ղարաիսա) համայնքի մեծագույն մասը՝ Նորամուտ (ն.` Ղարաղալա) գյուղով (Մեղվահովիտը մնում էր չեզոք գոտում), ինչպես նաև Բլագոդարնոյե համայնքի հողատարածքները՝ առանց գյուղիԻ մի բերելով տարածքային հաշվարկները՝ փաստենք, որ 1920 թ. դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի 3-րդ հոդվածով նորահռչակ Խորհրդային Հայաստանի համար նախա­տեսված տարածքը պետք է կազմեր ավելի քան 43000 քառ. կմ: Համեմատության համար նշենք, որ Մոսկվայում 1921 թ. հրատարակված „Статис­тический ежегодник, 1918–1920“ գրքում ՀՍԽՀ տարածքը 1920 թ. դեկտեմբերի դրությամբ ցույց է տրված 34.288 քառ. վերստ կամ 39.019 քառ. կմ (տե՛ս Поляков Ю. А., Советская страна после окончания гражданской войны: территория и население, Москва, 1986, էջ 68): Իսկ Ա. Հակոբյանը, իր իսկ հարցադրմանը` «թե որքան տա­րածք էր մնում Խորհրդային Հայաստանին 1920 թ. դեկտեմբերի իրավիճակով», նշում է. «Տարածքային սահմանային խնդրի քիչ թե շատ հետևողական ու արդա­րացի լուծման դեպքում, կարծում ենք, որ ՀՍԽՀ տարածքը կարող էր հասնել առն­ վազն 40000 քառ. կմ–ի» (Հակոբյան Ա., նշվ. աշխ., էջ 93–94):

Աղբյուրը՝ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀԱՄՈ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ԳԵՂԱՄ ԲԱԴԱԼՅԱՆ 

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼՂԻՄ-Ի ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ 1920-1930-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ, էջ 6-19:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, Երևան – 2015