«Փուլային»՝ ղարաբաղյան հակամարտության դադարեցման համաձայնագիր (նախագիծ). 1997-ի դեկտեմբերի 2

17872

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, 2 դեկտեմբեր, 1997թ.

Նախաբան

Կողմերը` լի Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորումն իրականացնելու վճռականությամբ, վերածելով գոյություն ունեցող հրադադարը կայուն խաղաղության, ըմբռնելով խաղաղության և համագործակցության առավելությունը` հանուն իրենց ժողովուրդների բարգավաճման և բարեկեցության, ցանկանալով հիմք ստեղծել Կովկասի համատեղ տնտեսական զարգացման համար, հնարավորություն տալով այս տարածաշրջանի ժողովուրդներին ապրել բնականոն և արդյունավետ` ունենալ ժողովրդավարական հաստատություններ, աճող բարեկեցություն, խոստումնալից ապագա, հասկանալով, որ այս համաձայնագրին համապատասխան համագործակցությունը կհանգեցնի բնականոն հարաբերությունների ողջ տարածաշրջանում` առևտրի, տրանսպորտի և կապի ոլորտներում, հնարավորություն կտա մարդկանց միջազգային կազմակերպությունների միջոցով վերականգնել իրենց քաղաքներն ու բնակավայրերը, հաստատել կայունություն, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում արտաքին կապիտալ ներդրումների ծավալի էական մեծացման համար, և  ճանապարհ բացել փոխշահավետ առևտրի համար, ինչը կհանգեցնի բոլոր մարդկանց բնական բարգավաճմանը, ինչի նախադրյալները դրված են կովկասյան տարածաշրջանում, և որ հաշտությունն ու համագործակցությունը մարդկանց միջև նրանց ահռելի ներուժը կծառայեցնեն ի շահ նրանց հարևանների և աշխարհի ժողովուրդների, լինելով հավատարիմ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին, ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու որոշումներին և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822, 853, 874, 884 բանաձևերի ամբողջական իրականացմանը, հիշեցնելով 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ անդամ պետությունների ստանձնած պարտավորությունը` մեծացնել ԵԱՀԿ ջանքերն ու օժանդակությունը հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում, նրանց հանձնարարությունները Մինսկի համաժողովի համանախագահներին` օպերատիվ կերպով անցկացնել բանակցություններ, և հայտարարությունն իրենց քաղաքական պատրաստակամության մասին` տրամադրել ԵԱՀԿ խաղաղության ապահովման բազմազգ ուժեր` կողմերի միջև զինված հակամարտության դադարեցման շուրջ համաձայնության հասնելուց հետո, և լի վճռականությամբ` բարեխղճորեն շարունակել խաղաղ գործընթացը` համապարփակ կարգավորման անհետաձգելի ձեռքբերման նպատակով, ինչը կճշգրտի ԼՂ վերջնական կարգավիճակը, ստանձնում են պարտավորություն ներքոշարադրյալ գործողությունների կապակցությամբ:

  1. Կողմերը հրաժարվում և ձեռնպահ են մնում ուժի սպառնալիքից կամ ուժի գործադրումից իրենց միջև վեճերի կարգավորման ընթացքում: Նրանք խաղաղ միջոցներով են լուծում բոլոր վեճերը, ներառյալ այնպիսիները, որոնք կարող են առաջանալ սույն համաձայնագրի իրականացման ժամանակ, առաջին հերթին` բանակցությունների ճանապարհով, այդ թվում` Մինսկի գործընթացի շրջանակներում:
  2. Կողմերը դուրս են բերում իրենց զինված ուժերը հետևյալ դրույթների համապատասխան` ինչպես մանրամասն շարադրված է թիվ 1 հավելվածում:

Ա. Առաջին փուլում ԼՂ-ից դեպի արևելք և հարավ ընկած ներկայի շփման գծերի վրա տեղակայված ուժերը կհեռացվեն մինչև թիվ 1 հավելվածում համաձայնեցված գծերը նրանում ներառված գրաֆիկի համապատասխան` հատկապես հաշվի առնելով Բարձր մակարդակի ծրագրավորման խմբի (ԲՄԾԽ) հանձնարարականները` ռազմական տեսակետից հիմնավորված բուֆերային գոտում ԵԱՀԿ բազմազգ ուժերի առաջատար ջոկատների սկզբնական ծավալման համար հնարավորություն ստեղծելու նպատակով բաժանել կողմերին այդ գծով և անվտանգություն ապահովել երկրորդ փուլի դուրսբերման ընթացքում:

Բ. Երկրորդ փուլում ուժերը դուրս են բերվում միաժամանակ և թիվ 1 հավելվածում ներառված գրաֆիկի համաձայն` հետևյալ կերպ.

(1) Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխված են Հայաստանի սահմաններից դուրս, բերվում են այդ սահմաններից ներս:

(2) ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի:

(3) Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 հավելվածում նշված սահմաններից անդին` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, և Հայաստանի տարածքից:

(4) Ծանր զրահատեխնիկան դուրս է բերվում թիվ 1 հավելվածում նշված վայրեր` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության հսկողության ներքո, հիշյալ հավելվածում շարադրված թափանցիկության և հաշվետվության պահանջների պահպանմամբ:

III. Այն տարածքում, որ ընկնում է այդ դուրսբերման և ուժերի վերադասավորման տակ, կազմավորվում է բուֆերային գոտի եւ բաժանարար գոտի` հետեւյալ դրույթների համապատասխան և ինչպես մանրամասն շարադրված է թիվ 2 հավելվածում:

Ա. Ուժերի դուրսբերման ավարտին բուֆերային գոտին տեղակայվում է 1988թ. ԼՂԻՄ սահմանագծի եւ Լաչինի շրջանի հյուսիսային և հարավային սահմանագծերի երկայնքով: Բուֆերային գոտին մնում է չբնակեցված և ամբողջությամբ ապառազմականացվում է, բացառությամբ ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության տարրերի:

Բ. Բաժանարար գոտին ապառազմականացվում է, բացառությամբ մշտական խառը հանձնաժողովի հետ համատեղ գործողությունների համար թույլատրված ուժերի, ինչպես մանրամասն շարադրված է թիվ 2 հավելվածում, ներառյալ.

(1) խաղաղության պահպանման գործողության տարրերը,

(2) սահմանային պարեկության և ականազերծման համար նախատեսված ստորաբաժանումները,

(3) քաղաքացիական ոստիկանությունը, որի քանակը և թույլատրված զինվածությունը նախատեսված են թիվ 2 հավելվածում:

Գ. Բուֆերային և բաժանարար գոտիներում ստեղծվում է ոչ թռիչքային գոտի, որտեղ կողմերը չեն թույլատրում ռազմական թռիչքներ` ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության վերահսկողության ներքո, ինչպես շարադրված է թիվ 2 հավելվածում:

Դ. ԼՂ իշխանությունների կողմից վերահսկվող տարածքների անվտանգությունը II հոդվածի համաձայն ուժերի դուրսբերումից հետո ապահովվում է գոյություն ունեցող ռազմական կազմավորումների և ԼՂ անվտանգության կազմավորումների կողմից:

  1. ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների համաձայն, կողմերը հրավիրում և աջակցում են ԵԱՀԿ խաղաղության պահպանման բազմազգ գործողությանը, որը կգործի մշտական խառը հանձնաժողովի և հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի հետ համագործակցությամբ: Խաղաղության պահպանման գործողությունը հետեւում է ուժերի և ծանր զրահատեխնիկայի դուրսբերմանը, ռազմական թռիչքների թույլատրման արգելումը, ապառազմականացման ռեժիմի պահպանմանը և հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, ինչպես շարադրված է թիվ 2 հավելվածում: Կողմերը կոչ են անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այս նպատակով ընդունել համապատասխան որոշում սկզբնական շրջանի համար ոչ ավելի քան մեկ տարով և թարմացնել այդ որոշման դրույթները անհրաժեշտության չափով` ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականների հիման վրա: Կողմերը համաձայն են, որ խաղաղության պահպանման բազմազգ գործողության ընդհանուր շարունակականությունը դառնա նվազագույն անհրաժեշտ` կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից և հակամարտության համընդգրկուն կարգավորման տեմպերից: Կողմերը լիովին համագործակցում են խաղաղության պահպանման գործողության հետ, որպեսզի իրականացվի սույն համաձայնագիրը և կանխարգելվի որևէ տապալում կամ խաղաղության պահպանման գործողության դադարեցումը:
  2. Կողմերն օժանդակում են տեղահանված անձանց անվտանգ և ինքնակամ վերադարձին իրենց նախկին մշտական բնակության վայրեր` բաժանարար գոտում, ինչպես շարադրված է թիվ 2 հավելվածում: Խաղաղության պահպանման գործողությունը, մշտական խառը հանձնաժողովի հետ համագործակցելով, հետևում է վերադարձող բնակչության անվտանգությանը, որպեսզի նպաստի բոլոր կողմերի վստահությանը՝ այդ գոտում ապառազմականացման ռեժիմին հետևելու առումով: Կողմերը բանակցություններ են վարում նաև այլ անձանց արագ, անվտանգ և ինքնակամ վերադարձի շուրջ, մի կողմ թողած նրանց, ովքեր ընդգրկված են այս համաձայնագրի կամ համընդգրկուն կարգավորման ծրագրի մեջ, և որոնք տեղահանվել են 1987թ. հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և լարվածության արդյունքում:
  3. Ուժերի դուրսբերմանը զուգահեռ կողմերն անմիջապես միջոցներ են ձեռնարկում ճանապարհների, երկաթուղիների, էլեկտրահաղորդալարերի և կապի, առևտրային և այլ հարաբերությունների բացման նպատակով, ներառյալ բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են թիվ 3 հավելվածում շարադրված գրաֆիկներին և որոշակի դրույթներին համապատասխան հնարավոր կարճագույն ժամկետներում վերոնշյալին հասնելու համար: Կողմերը երաշխավորում են այդ կապերի օգտագործումը բոլորի կողմից, ներառյալ` էթնիկ փոքրամասնությունները` ապահովելով վերջինների հասանելիությունն իրենց էթնիկ խմբերին տարածաշրջանի այլ վայրերում: Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է հանել բոլոր շրջափակումները և ապահովել մարդկանց ու բեռների փոխադրումը բոլոր այլ կողմերի համար` առանց խոչընդոտների: Կողմերը երաշխավորում են ազատ և անվտանգ երկաթուղային հաղորդակցություն իրար միջև:

VII. Կողմերը լիովին համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի և այլ միջազգային կազմակերպությունների հետ` հակամարտության կապակցությամբ կալանավորվածներին վերադարձնելու, անհետ կորածների ճակատագրերը հետաքննելու և աճյունները հայրենադարձելու, ինչպես նաև մարդասիրական և  վերականգնողական նպատակներով օգնության` իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներով հակամարտությունից տուժած շրջաններ առանց որևէ խտրականության փոխադրելու շուրջ: Կողմերը մշտական խառը հանձնաժողովի միջոցով համագործակցում են ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության հետ` վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շուրջ:

VIII. Կողմերն անհապաղ հիմնում են մշտական խառը հանձնաժողով սույն համաձայնագրում Ադրբեջանին և ԼՂ-ին առնչվող խնդիրներին վերաբերվող դրույթների իրականացմանը հետևելու նպատակով: Մշտական խառը հանձնաժողովի նախագահը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչն է` մեկական փոխնախագահներով Ադրբեջանից և ԼՂ-ից: Մշտական խառը հանձնաժողովի հիմնական պարտականությունը համաձայնագրի իրականացմանը հետևելն է. ԵԱՀԿ-ից համանախագահի պարտականությունները ներառում են նաև միջնորդությունը տարաձայնությունների դեպքերում, ինչպես նաև թույլատրված միջոցառումների կիրառումն արտակարգ իրավիճակների պարագայում, ինչպիսին, օրինակ, բնական աղետներն են: Մշտական խառը հանձնաժողովն ունի հետևյալ ենթահանձնաժողովները` ռազմական, տնտեսական, մարդասիրական ու մշակութային և կապի գծով: Մշտական խառը հանձնաժողովի կառուցվածքը, գործառույթները և նրան առնչվող այլ մանրամասները շարադրված են թիվ 4 հավելվածում:

  1. Կողմերն անմիջապես ստեղծում են հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի կանխարգելմանն աջակցելու, երկու երկրների սահմանապահ զորքերի և անվտանգության այլ համապատասխան ուժերի միջև կապ ապահովելու և ճանապարհների, երկաթուղիների, կապի, խողովակաշարերի, առևտրային ու այլ հարաբերությունների բացմանը հետևելու և նպաստելու նպատակով: Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովն ունի երկու համանախագահ, մեկը` Հայաստանից, մյուսը` Ադրբեջանից: Հանձնաժողովի մեջ մտնում է ԵԱՀԿ գործող նախագահի կողմից նշանակված ներկայացուցիչը: Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի կառուցվածքը, գործառույթները և նրան առնչվող այլ մանրամասներ շարադրված են թիվ 5 հավելվածում: Ադրբեջանը և Հայաստանը մեկը մյուսի մայրաքաղաքում հիմնում են կապի գրասենյակ:
  2. Ադրբեջանը և Հայաստանը սկսում են վարել երկկողմ և բազմակողմ բանակցություններ համապատասխան միջազգային և տարածաշրջանային խորհրդաժողովների ժամանակ՝ տարածաշրջանում անվտանգության բարձրացման նպատակով, ներառյալ` ռազմական թափանցիկությունը և ԵԱՀԿ պայմանագրի լիակատար պահպանումը:
  3. Սույն համաձայնագրի երեք կողմերը, այսպիսով վերջ դնելով հակամարտության պատերազմական կողմին, համաձայն են Մինսկի խորհրդաժողովի համանախագահների օժանդակությամբ բարեխղճորեն շարունակել բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրավիրված այլ կողմերի հետ հակամարտության մյուս բոլոր կողմերի անհետաձգելի ու համապարփակ կարգավորմանը հասնելու նպատակով, այդ թվում` քաղաքական կողմը, ինչը ներառում է ԼՂ կարգավիճակի որոշումը և Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ կապված խնդիրների լուծումը. այսպիսի կարգավորումը բանակցությունների ճանապարհով իրականանալուց և վերոհիշյալ կողմերի ստորագրումից հետո ենթակա է ճանաչման միջազգային հանրության կողմից հնարավորինս արագ հրավիրվելիք Մինսկի խորհրդաժողովի ժամանակ:

XII. Յուրաքանչյուր կողմ լիովին հարգում է մյուս կողմերի և նրանց բնակչության անվտանգությունը: Կողմերը պարտավորվում են բարեխիղճ հարաբերություններ զարգացնել իրենց ժողովուրդների միջեւ` օժանդակելով նրանց միջև առեւտրին ու բնականոն փոխհարաբերություններին և ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են խաթարել սույն համաձայնագիրը կամ բարեկամական հարաբերությունները:

XIII. Ի հավելում խաղաղության պահպանման ու ուժերի դուրսբերումը վերահսկելու հետ կապված վերոշարադրյալ հիմնական դրույթների և գոյություն ունեցող սկզբունքների ու ԵԱՀԿ պարտավորությունների մասին հիշատակման, ներառյալ նրանք, որոնք արտացոլվեցին 1992թ. Հելսինկիի փաստաթղթում և 1994թ. Բուդապեշտի փաստաթղթում` ԵԱՀԿ-ն համապատասխան մեխանիզմների միջոցով հետևում է սույն համաձայնագրի բոլոր կողմերի լիակատար իրականացմանը և այդ սկզբունքների ու որոշումների համաձայն համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ սույն համաձայնագրի պայմանների խախտման և դրանց նկատմամբ հակազդեցության կանխարգելման ուղղությամբ: Սույն համաձայնագրի վկաները, գործելով ԵԱՀԿ Մշտական խորհրդի և ՄԱԿ-ի ԱԽ միջոցով, նպաստում են նրա լիակատար իրականացմանը: Սույն համաձայնագրի լուրջ խախտման դեպքում նրանք խորհրդակցում են միմյանց միջև անհրաժեշտ քայլերի վերաբերյալ, անմիջապես տեղեկացանում են ԵԱՀԿ գործող նախագահին ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և խնդրում են ԵԱՀԿ Մշտական խորհրդից կամ ՄԱԿ-ի ԱԽ-ից այս կապակցությամբ քննարկել համապատասխան գործողություններ:

XIV. Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում նրա ստորագրումից և վավերացումից հետո, այն բացառություններով, որոնք բխում են XI կետում հիշատակված համապարփակ կարգավորումից: Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել, ավելացվել կամ դադարեցվել բոլոր կողմերի համաձայնությամբ:

Հավելվածներ

Հավելված 1. Ուժերի դուրսբերման և տեղահանված անձանց վերադարձի իրականացում

Հավելված 2. Բաժանարար գոտու անվտանգության ռեժիմը

Հավելված 3. Տրանսպորտի և կապի գծերի վերականգնումը

Հավելված 4. Մշտական խառը հանձնաժողովը

Հավելված 5. Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը

Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին

Հայաստանի դիրքորոշումը վերը բերված փաստաթղթի վերաբերյալ

Հայաստանը մեկ անգամ ևս ողջունում և բարձր է գնահատում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. Երևանում 1997թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանի նախնական նկատառումները, վերապահումները և առաջարկությունները` ԼՂ զինված հակամարտության դադարեցման համաձայնագրի համանախագահների` 1997թ. սեպտեմբերի 19-ի նախագծի վերաբերյալ:

Լրացուցիչ քննարկումներից հետո կցանկանայինք սույնով գրավոր ներկայացնել Հայաստանի տեսակետները՝ հիմնականում կենտրոնանալով առաջարկված համաձայնագրի նախագծի սկզբունքների եւ բաղադրատարրերի վրա:

  1. Ընդհանուր նկատառումներ.

Հայաստանն արդեն իսկ հայտնել էր իր դրական վերաբերմունքը հակամարտության կարգավորման փաթեթային մոտեցման սկզբունքների նկատմամբ, որը նախապես ներկայացվել էր համանախագահների կողմից: Այժմ նկատելի է ձեր հակվածությունը հակամարտության կարգավորման փուլ առ փուլ մոտեցմանը: Հայաստանն այս մոտեցման վերաբերյալ նույնպես առարկություն չունի: Չնայած համաձայնագրում ներկայացված՝ Շուշիի, Շահումյանի, հետքաշումների և հատկապես` ԼՂ անվտանգության հարցերի շուրջ ունեցած լուրջ առարկություններին ու վերապահումներին` Հայաստանը համաձայնագրի սույն նախագիծն ընդունում է որպես բանակցությունների հիմք և  պատրաստ է ակտիվորեն ու կառուցողաբար բանակցել` ընդհանուր հայտարարի գալու համաձայնագրի դրույթների շուրջ:

Նախապես կուզենայինք նշել, որ հավելված 1-ի շուրջ բանակցությունների ընթացքում, որտեղ որոշարկվում է զորքերի հետքաշման ժամանակացույցը, Հայաստանը տարբերակված մոտեցում կորդեգրի գրավված տարածքների նկատմամբ և կպնդի հետքաշումների, շրջափակումների վերացման և անվտանգության միջոցառումների իրականացման փոխշաղկապումը:

Կցանկանայինք մեկ անգամ ևս վերահաստատել մեր նախապես արտահայտած տեսակետներն ու դիրքորոշումները ԼՂ զինված հակամարտության դադարեցմանն ուղղված առաջարկության նախագծի կապակցությամբ և նշել, որ այն դրույթները, որոնք չեն արտացոլվել համաձայնագրի նոր նախագծում, մնում են հրատապ և կենսական:

  1. Ներածության վերաբերյալ.

ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին հղումները պետք է հանվեն, քանի որ այդ բանաձևերում տեղ գտած ձևակերպումները լիովին չեն համապատասխանում սույն համաձայնագրի դրույթներին, մասնավորապես` հետքաշումների, շրջափակումների վերացման և անվտանգության միջոցառումների հարցերում:

  1. Հիմնական տեքստի վերաբերյալ.

Կետ 2-րդ. Ա. 1-ը պետք է ամբողջությամբ հանվի կամ վերախմբագրվի հետևյալ կերպ. ՙՀայաստանի զինված ուժերը, եթե այդպիսիք տեղակայված են Հայաստանի սահմաններից դուրս, պետք է հետ քաշվեն այդ սահմաններից ներս՚:

Կետ 5-րդ. Հայաստանի դիրքորոշումն է, որ սահմանազատման գոտին, որը որոշարկվելու է հավելված 2-ում, պետք է ընդգրկի Շահումյանի շրջանը, որպեսզի ապահովվի այդ շրջանի ազգաբնակչության անվտանգ և կամավոր վերադարձը բնակության նախկին վայրերը: Միաժամանակ կետ 5-րդի պարբերության վերջում ՙ…Ադրբեջանը 1987թ. ի վեր՚ բառերից անմիջապես հետո պետք է ավելացվի ՙընդգրկելով Շուշի քաղաքը՚ բառերը:

Կետ 10-րդը պետք է տեղափոխվի կետ 11-րդից հետո, և պարբերության սկզբում պետք է ավելացվեն ՙկարգավորումից անմիջապես հետո՚ բառերը: Կամ ՙշուտափույթ կհաստատեն՚ բառերը պետք է փոխարինվեն ՙկձգտեն հաստատել՚ բառերով:

Կետ 11-րդում  ՙՇուշա՚  բառը պետք է հանվի, քանի որ Շուշիի հարցը` որպես փախստականների հետ կապված խնդիր, առաջարկվել է արտացոլել կետ 5-րդում:

Կետ 14-րդը չի բավարարում միջազգային երաշխիքների վերաբերյալ Հայաստանի պահանջները և չի փարատում Հայաստանի այն երկյուղներն ու մտահոգությունները, որ համաձայնագրի դրույթների ապագա խախտումները կմնան անպատիժ և չեն հակադարձվի: Հայաստանը պնդում է հետևյալ ձևակերպումը.  ՙԵԱՀԿ, ՄԱԿ, ԱՊՀ, ԵՄ և համանախագահող պետությունները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, կստորագրեն համաձայնագիրը և հետամուտ կլինեն նրա լիակատար իրականացմանը, ինչպես նաև հանձնառություններ կստանձնեն կանխելու և հակազդելու համաձայնագրի դրույթների լուրջ ոտնահարումներին՚:

Կետ 15-րդը պետք է ավելի հստակորեն և աներկբայորեն արտացոլի Հայաստանի դերը ԼՂ անվտանգության երաշխավորման հարցում:

Կետ 16-րդ. Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում կողմերից յուրաքանչյուրի սահմանադրորեն նախատեսված ընթացակարգով անցնելուց հետո:

Լուսանկարում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնում, 1996-ի դեկտեմբեր

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

Փափուկ կազմ, 520 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
երրորդ հրատարակություն,
2011, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-146-7