Արցախի քաղաքական ուժերը և նրանց առաջատար դեմքերը. ընտրություններ – 2020

2999

Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 10 կուսակցություն և 2 դաշինք

Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսելը բարդ է, քանի որ պաշտոնական Երևանն առաջին անգամ չունի նախընտրելի թեկնածու: Բացի այդ, առաջադրվել են 14 թեկնածուներ, որոնց միջև ընթանում է իրական պայքար: Եվ երրորդ, որ պակաս կարևոր գործոն չէ, Արցախի համապետական այս ընտրություններն առաջինն են 2018-ի հայկական թավշյա հեղափոխությունից հետո:

Այն իրողությունը, որ այսօր, ընտրություններից երեք շաբաթ առաջ հայտնի չէ, թե ով է ընտրվելու Արցախի նախագահ, ընտրություններն ավարտվելու են առաջին, թե երկրորդ փուլով, արդեն իսկ լրջագույն ձեռքբերում է:

Թեև 2007 և 2012 թվականների նախագահական ընտրությունները մրցակցային էին, սակայն կասկած չկար, որ նախագահ է դառնալու Սերժ Սերգսյանի թեկնածուն՝ Բակո Սահակյանը: Արցախում 1996-ին, 1997-ին (արտահերթ) և 2002-ին կայացած նախագահական ընտրությունները մրցակցային չէին և, հետևաբար, դրանք ավարտվել էին քվեարկության օրվանից առաջ: 1996-ին նախագահ էր դարձել Ռոբերտ Քոչարյանը, 1997-ին և 2002-ին՝ Արկադի Ղուկասյանը: 1994-ին Քոչարյանը նախագահ էր ընտրվել Արցախի խորհրդարանի կողմից:

Պակաս կարևոր չէ նաև մարտի 31-ին կայանալիք Արցախի խորհրդարանական ընտրությունը, որին մասնակցելու են 12 քաղաքական ուժ՝ 10 կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք: Մեծամասնական համակարգ չկա, քաղաքացիները քվե են տալու կուսակցական ցուցակներին:

Քվեաթերթիկում թիվ 1-ը «Ազգային վերածնունդ» կուսակցությունն է` 20 թեկնածուներով: Այս կուսակցությունը, հիմնադրման օրվանից (2013-ի մայիս) գործող իշխանությունների ամենակոշտ ընդդիմադիրն է և հրապարակային քննադատը: Նախորդ՝ 2015-ի ԱԺ ընտրություններում, հաղթահարել է 5 տոկոսի շեմը և գործող խորհրդարանում ունեցել մեկ պատգամավոր՝ ի դեմս կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանի: Վերջինս՝ որպես թեկնածու, մասնակցելու է նաև նախագահական ընտրություններին: Կուսակցական ցուցակի առաջատար մյուս երեք թեկնածուներն են Տիգրան Գրիգորյանը, Արամ Թադևոսյանը և Ալենուշ Գրիգորյանը:

Քվեաթերթիկում 2-րդը Արցախի հերոս Սամվել Բաբայանի հիմնադրած «Միասնական հայրենիք» կուսակցությունն է`62 թեկնածուներով: Ինքը՝ Բաբայանը, որպես թեկնածու, չի մասնակցում ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական ընտրություններին, քանի որ ունի Արցախում գրանցում ունենալու ժամանակի խնդիր: Ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցը: Հաջորդ երեք թեկնածուներն են Անուշ Դոլուխանյանը, Դիմա Առստամյանը և Սիրան Ավետիսյանը: Կուսակցությունը հիմնադրվել է 2019-ի հոկտեմբերին: Բաբայանը և նրա քաղաքական ուժը նախագահական ընտրություններում սատարում է Մասիս Մայիլյանին, թեև դաշինք չի կազմել Մայիլյանին սատարող Նոր Արցախ դաշինքի հետ։

«Անկախության Սերունդ» կուսակցությունը՝ 17 թեկնածուներ, քվեաթերթիկում 3-րդն է: Այս կուսակցությունը հիմնադրվել է 2018-ի սեպտեմբերին: Ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը, որը նաև նախագահի թեկնածու է: Ցուցակի մյուս երեք թեկնածուներն են Դավիթ Իսրայելյանը, որը Ռուսլան Իսրայելյանի որդին է, Մարատ Օհանյանը և Լիլիթ Հայրապետյանը:

«Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»` 33 թեկնածուներով, քվեաթերթիկում 4-րդն է: Ցուցակը գլխավորում է նախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Ցուցակի հաջորդ տեղերում են Արցախի նախկին գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և Արմինե Հարությունյանը: Գործող խորհրդարանում ՀՅԴ-ն մեծությամբ երկրորդ ուժն է Ազատ Հայրենիք կուսակցությունից հետո: ՀՅԴ-ն Ազատ Հայրենիքի և Արցախի Ժողովրդավարական կուսակցության հետ եղել է Բակո Սահակյանի քաղաքական հենարանը:

Արցախի հեղափոխական կուսակցությունը քվեաթերթիկում 5-րդն է: 2020-ի հունվարին հիմնադրված այս ուժի առաջին չորս տեղերում են Արտուր Օսիպյանը՝ կուսակցության նախագահ, Արթուր Ալեքսանյանը, Արարատ Պետրոսյանը և Մարգարիտա Կիրակոսյանը: Կուսակցությունը ներկայացրել է 16 հոգանոց ցուցակ:

Ամենաերկար՝ 65 հոգանոց ցուցակ է ներկայարցել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է նախագահի թեկնածու, Ազատ Հայրենիք կուսակցության հիմնադիր և նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Քվեաթերթիկում այս դաշինքը 6-րդն է: Ցուցակի հաջորդ տեղերում են Կարեն Դանիելյանը, Արամ Հարությունյանը և Էլեոնորա Ավանեսյանը: Ազատ Հայրենիք կուսակցությունը գործող խորհրդարանի ամենամեծ ուժն է, եղել է Բակո Սահակյանի քաղաքական հենարանը խորհրդարանում, հիմնադրվել է 2005-ի փետրվարին: «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքը Արայիկ Հարությունյանից ստացել է 43 միլիոն դրամի նվիրատվություն:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը`35 թեկնածուներ, գլխավորում է նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Ցուցակի հաջորդ տեղերում են Մետաքսե Հակոբյանը, Դավիթ Գալստյանը և Կարեն Հովհաննիսյանը: Քվեաթերթիկում այս կուսակցությունը, որը ստանում է Հայաստանի նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի ու նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի աջակցությունը, 7-րդն է: «Արդարություն» կուսակցությունը հիմնադրվել է 2018-ի սեպտեմբերին: Հայաստանի նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները՝ մի քանի հեռուստաընկերություններ, մի շարք մեդիա հարթակներ ու թերթեր, առցանց բազմաթիվ կայքեր ամենօրյա քարոզչություն են իրականացնում Բալասանյանի և նրա կուսակցության օգտին:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը`32 թեկնածուներ, գլխավորում է նախագահի թեկնածու և Արցախի գործող խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Քվեաթերթիկում այս կուսակցությունը 8-րդն է: Ցուցակի հաջորդ տեղերում են ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանն ու Դավիթ Մելքումյանը, ինչպես նաև ԱԺ նախագահի խորհրդական և կուսակցության խոսնակ Անուշ Ղավալյանը: Այս կուսակցությունը խորհրդարանում մեծությամբ երրորդ ուժն է, հիմնադրվել է 2005-ի փետրվարին:

Քվեաթերթիկում 9-րդը «Միացյալ Հայաստան» կուսակցությունն է՝ 16 թեկնածուներով: Այն գլխավորում է նախագահի թեկնածու Վահան Բադասյանը:  Հաջորդ տեղերում են Վաչագան Զաքարյանը, Արցախում ՀՅԴ նախկին ներկայացուցիչ Գրիշա Հայրապետյանը և Ադելա Աղաջանյանը: Կուսակցությունը հիմնադրվել է 2019-ի մարտին:

Արցախի պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուներ, գլխավորում է նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը: Նրան հաջորդում են Արայիկ Խաչատրյանը, Աշոտ Հակոբյանը և Իվետա Թադևոսյանը: 2019-ի ապրիլին հիմնադրված այս կուսակցությունը քվեաթերթիկում 10-րդն է: Դավիթ Բաբայանը երկար տարիներ եղել է և է Արցախի նախագահի խոսնակը։

Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուներով, քվեաթերթիկում 11-րդն է: Ցուցակը գլխավորում է Գրիշա Հովհաննիսյանը, որին հաջորդում են Ռաշիդ Պետրոսյանը, Գեղամ Միքայելյանը և Լիլիա Բեգլարյանը: Կուսակցության պետական գրանցման օրը 2004-ի նոյեմբերն է։ Իրականում այս կուսակցությունը և նրան նախորդող բոլշևիկները Արցախում գործում են 1920-ից ի վեր և Արցախի երկրորդ ամենահին քաղաքական ուժն է ՀՅԴ-ից հետո:

Քվեաթերթիկը եզրափակում է «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինքը` 31 թեկնածուներ: Այս դաշինքին մաս են կազմում «Վաղվա Արցախ», «Ինքնություն և Միասնություն» և Արցախի Ռամկավար Ազատական կուսակցությունները: Ցուցակը գլխավորում է անկուսակցական Գրիգորի Սահակյանը: Այս դաշինքը նախագահական ընտրություններում սատարում է Մասիս Մայիլյանին և ձևավորվել է նրա շուրջ: Նախագահի թեկնածու Մայիլյանը ցուցակում ընդգրկված չէ: «ՆՈՐ ԱՐՑԱԽ» դաշինքի համամասնական ցուցակում ընգրկված են Տիգրան Պետրոսյանը, Արայիկ Պողոսյանը, Լարիսա Դադասյանը:

Թաթուլ Հակոբյան 

ՍիվիլՆեթ

Լուսանկարում՝ տեսարան Քարվաճառից