Նիկոլ Փաշինյանը մեջբերում է Կրակովի սևագիրը (draft)՝ Մադրիդյանի ամենասև տարբերակը

5284

Հունվարի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախյան կարգավորման հարցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը, մեջբերում է արել մի փաստաթղթից՝ սևագրից, անգլերենով՝ draft, որը 2019 թվականի հոկտեմբերի 17-ին տպագրվել է 1in.am կայքում:

Փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, լրատվակայն կայքին փոխանցվել է արտգործնախարարությունից՝ ուղղակի կամ երրորդ կողմի միջոցով: Արցախյան կարգավորման բոլոր գրավոր առաջարկները և սևագրերը, պահվում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարությունում և ԵԱՀԿ դեպոզիատարիյում:

Հաշվի առնելով, որ Փաշինյանը մեջբերում արեց, պետք է ենթադրել և անգամ վստահ լինել, որ Հայաստանին և Ադրբեջանին ներկայացված վերջին սևագիրը հենց դա է և նոր բան դեռևս չի առաջարկվել:

2018-ի հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ փոխանցվել է սևագիրը, որը կարող ենք այսուհետ կոչել Կրակովյան:

Ահա այն.

Պարբերություն 1

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են, այնպես ինչպես նրանք կապված են միմյանց հետ.

  • Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։
  • Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։
  • Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում։
  • Դրացիական համագործակցության վերականգնում։
  • Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։

Պարբերություն 2

Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են 1-ին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներ, այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող  զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի (НКАО) վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։

Պարբերություն 3

Միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը։

Կապանում, մամուլի ասուլիսում, Փաշինյանն ասաց, որ երբ ինքը դարձել է վարչապետ, իրեն առաջարկվել է, որ նույն կետից շարունակի բանակցային գործընթացը, ինչ կետում ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալով․ «Պատասխան տեքստը եղել է Ստեփանակերտում 2019-ի մարտին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների ըդհանուր նիստում իմ արտասանած տեքստը… Սա այն ժառանգությունն է, [որ] դրվել է սեղանին։ Մեզ մեղադրում են, որ այս ժառանգությունը կորցրել ենք։ Ես ուզում եմ ասել հետևյալը. որ հենց այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ուզենա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի»։

2007 թվականի նոյեմբերից, երբ ԵԱՀԿ Մադրիդի գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ներկայացվեցին կարգավորման նոր առաջարկներ, այսպես ասենք՝ Մայր Մադրիդյանը, մինչև Կրակովի սևագիրը՝ 2018-ի հունվար, համանախագահները բազմաթիվ փոփոխված, նորացված, լրամշակված սևագրեր են ներկայացրել, այդ թվում՝ Սոչիում և Կազանում:

2016 թվականի նոյեմբերի 17-ին, Սերժ Սարգսյանը ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացի և Կազանի առաջարկների մասին:

Սարգսյանը նշել էր, որ 2008-ից ի վեր կողմերը մի քանի անգամ մոտ են եղել փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ երեք սկբունքները հստակ արտացոլված էին․ «Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի։ Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով: Հետո գրված էր՝ ովքեր են մասնակցում»։

Ռուս լրագրողի դիտարկմանը՝ «Այսինքն՝ հանրաքվե», Սարգսյանը ասել էր․«Այո: Հանրաքվե: Հանրաքվե, և դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կենսագործումն է: Բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը ներկայացնում էր նորանոր պահանջներ: 2011-ին, կարծես, թվում էր, մենք պատրաստ ենք ստորագրել այդ փաստաթուղթը: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը զանգահարեց ինձ և Ադրբեջանի նախագահին, հաջողություններ մաղթեց: Ֆրանսիայի նախագահը Ադրբեջանի նախագահին և ինձ նամակներ հղեց նույն բարեմաղթանքներով: Իսկ Ռուսաստանի նախագահը անձամբ մասնակցում էր այդ բանակցություններին: Ցավոք, Կազանում, Ադրբեջանը հրաժարվեց այդ սկբունքից»:

Որպեսզի պարզ լինի, թե ինչ էվոլյուցիա է ապրել Մայր Մադրիդյան փաստաթուղթը 2007-ի նոյեմբերի  մինչև 2018-ի հունվար, ներկայացնենք այդ փաստաթղթի կարևոր մասերը՝ ընդգծելով նաև, որ այդ փաստաթուղը որպես բանակցային հիմք ոչ ամբողջովին ընդունվել և ոչ էլ մերժվել է Երևանի ու Բաքվի կողմից:

Մադրիդյան փաստաթղթից հատվածներ.

«1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

2) Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ, որոնք պետք է շարադրվեն Խաղաղության Համաձայնագրում՝ համաձայն ներքոշարադրյալ սկզբունքների.

– ԼՂ բնակչությունը/բնակիչները ունենալու են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք, որը հետևում է օրենքի նորմերին: Նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվելու են:

– ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու իշխանության մարմիններ`միջանկյալ շրջանում ԼՂ-ն կառավարելու համար: Իշխանության այդ մարմինները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն ԼՂ-ի ներքին հարցերում, ինչպես նաև կհիմնեն դատարաններ՝ արդարադատություն իրականացնելու նպատակով: Պաշտոնյաները նաև լիազորություններ կունենան արտաքին շփումներ ունենալ այն ոլորտներում, որոնք սահմանվելու են Խաղաղության Համաձայնագրով:

– ԼՂ միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:

– ԼՂ-ն իրավունք է ունենալու ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:

3) ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության Համաձայնագրով:

– Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազային Անցումային Հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:

– Քելբաջարի շրջանը գտնվելու է  միջազգային անցումային  հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:

– Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:

4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:

5) Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք…

6) Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը իրականացվելու է անմիջապես այն բանից հետո, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ»:

Մադրիդյան փաստաթուղթը բանակցել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը՝ 2004 թվականից մինչև 2007-ի աշուն: Այդ շրջանում Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, Ադրբեջանինը՝ Իլհամ Ալիևը:

Թաթուլ Հակոբյան