2025-ին Հայաստանում մահերը գերազանցելու են ծնունդներին․ ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյան

1328

2025 թվականին Հայաստանում մահերը գերազանցելու են ծնունդներին, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։

«2010 թվականից մենք ունենք ծնունդների թվաքանակի անկում, և այդ ծնունդների թվաքանակի անկումը վերջին տարիներին պայմանավորված է նրանով, որ նվազում է ամուսնությունների թվաքանակը։ Այսինքն՝ դա օբյեկտիվ գործոն է, որովհետև ամուսնական տարիք է մուտք գործում 1990-ական թվականներին ծնված սերունդը, որը 40 տոկոսով ավելի պակաս է, քան՝ 80-ական թվականներին ծնվածը և չհաշված, որ այդ սերունդից էլ արտագաղթի հետևանքով 20-25 տոկոսը ներկայումս բացակայում է Հայաստանից, ըստ տվյալների»,- ասել է նա։

Արտակ Մարկոսյանն ընդգծել է՝ այսօրվա խնդիրը դեպոպուլյացիա թույլ չտալն է։

«Ըստ կանխատեսումների, 2025 թվականին մեզ մոտ դեպոպուլյացիա է լինելու, այսինքն՝ մահերը գերազանցելու են ծնունդներին՝ արդեն ամբողջ Հայաստանի մասին է խոսքը: Այսինքն՝ եթե նույնիսկ արտագաղթը կանգ առի, այստեղ լինի նորմալ սոցիալ-տնտեսական իրավիճակ, և եթե մենք չբարձրացնենք ծնունդների թվաքանակը, մենք կսկսենք նվազել այդ հետևանքով՝ մահերի ավելացման, ծնունդների պակասի հետևանքով: Մեզ առաջին տարիներին սպասում է ամուսնությունների կտրուկ անկում, ամուսնությունների կտրուկ անկման հետևանքով կտրուկ նվազելու է նաև ծնունդների թվաքանակը»։