Արաքսի պարսկական ափը բերք ու բարիք է տալիս, հայկական ափը՝ Սառը պատերազմի փշալար

8732

Ապրիլի 23-ին հայ-իրանական սահմանի երկայնքով՝ Ագարակ քաղաքից, հասա մինչև Նռնաձոր գյուղը, նախկին՝ Նյուվադին, ապա կրկին վերադարձա Ագարակ: Ես առաջին անգամ էի անցնում Հայաստան-Իրան սահմանի ողջ երկայնքով: Հայ-իրանական սահմանային Ագարակ քաղաքից մինչև Միջնավան (նախկինում՝ Մինչևան, Զանգելանի շրջան)՝ մինչև Արցախ-Իրան սահմանային կետը, մոտ 40 կիլոմետր է: Ճանապարհի որոշ կիլոմետրեր քայլում էի՝ ավելի լավ զգալու և հասկանալու տարածքը:

Հայաստան-Իրան սահմանի վրա իմ ուշադրությունը հատկապես գրավեց այն իրողությունը, որ Արաքսի պարսկական ափը թաղված էր կանաչի, բերքատու այգիների ու բարիք մեջ, մինչդեռ հայկական ափը, բացի փշալարերից դուրս հողակտորների, հիմնականում անմշակ է ու լքված:

Իրանական կողմից փշալար չկա ու չի եղել: Արաքսի աջ ափ կարելի է հանգիստ մոտենալ, չկան սահմանապահներ, իսկ եթե կան, ապա տեսանելի չեն: Մինչդեռ հայկական կողմից չես կարող մոտենալ Մայր Արաքսի ջրերին, քանի որ պահպանվում են Սառը պատերազմի ժամանակները հիշեցնող փշալարերն ու դիտաշտարակները:

1992-ին Հայաստանը Ռուսաստանի հետ համաձայնության է եկել և կնքել համապատասխան փաստաթղթեր, համաձայն որոնց, ինչպես Հայաստան-Թուրքիա, այնպես էլ Հայաստան-Իրան սահմանը հսկում են հայ-ռուսական համատեղ սահմանապահ ուժերը:

Հայաստանը և Իրանը համարվում են բարեկամ երկրներ: Անշուշտ, սահմանները պետք է հսկվեն նաև բարեկամ երկրների միջև: Սակայն արդարացված է՞ անկախության 25-րդ տարում անգամ ունենալ փշալար և սահմանը հսկող հայ-ռուսական համատեղ ուժեր: Եթե անգամ՝ այո, ապա վաղուց ժամանակն է, որ հայ գյուղացին, հայ մշակը հնարավորություն ստանա ազատ կերպով օգտագործել Արաքսի հայկական ափի բարեբեր հողակտորները:

արմեն է1

Ինչո՞ւ կարելի է պարսիկներին, բայց չի կարելի հայերին: Հատկապես, երբ Հայաստանը այնքան շատ կարիք ունի բերք տվող հողի:

Բացի այդ, ինչո՞ւ մենք անկախության 25-րդ տարում անգամ հնարավորություն չունենք մոտենալու Մայր Արաքսի ափին, ջրերին:

Ես չեմ ասում՝ Russians go home, քանի որ դա լրագրողի ասելիք չէ և գուցե ամենալավ, ամենաճիշտ ասելիքը չէ:

Բայց ժամանակն է, որ Հայաստան-Իրան սահմանը այլևս չհիշեցնի մեզ Խորհրդային Միության ժամանակները, Սառը պատերազմի ժամանակները:

Հայաստան-Իրան սահմանում ես ուզում եմ ինձ զգալ որպես ազատ, անկախ, ինքնիշխան պետության քաղաքացի:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարները՝ Արմեն Հակոբյանի