«Լապշինի դեպքը լակմուսի թուղթ էր, որը կրկին անգամ ցույց տվեց, որ մեր դաշնակիցները աշխատում են մեր դեմ», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը:
«ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր՝ Բելառուսը և Ռուսաստանը, զենք են վաճառում Ադրբեջանին, Ղազախստանն էլ տարբեր դիվանագիտական օղակներով պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Մենք բոլորս գիտեք, որ Հայաստանին իր կամքին հակառակ տարել, մտցրել են ԵՏՄ, այդ որոշումը կայացրել է Վլադիմիր Պուտինը, և Սերժ Սարգսյանը մի գիշերում չէր կարող հայ ժողովրդի կարծիքը հարցնել», ասաց լրագրողը՝ հավելելով, որ Լապշինի դեպքը որևէ կերպ չի անդրադառնա Ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա:
Քննարկմանը ներկա՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նշեց, որ Լապշինի դեպքից հետո Հայաստանը պետք է դասեր քաղի, հասկանա, թե նման իրավիճակներում ինչպես պետք է գործի, ինչպես պետք է իր շահն առաջ տանի: Ըստ պատգամավորի՝ Բելառուսում Հայաստանի դեսպանի պահվածքը խոսում է այն մասին, որ ունենք համակարգային խնդիր. «Ամբողջ պետության վատ աշխատանքի արդյունքն է սա: Չի կարող պետությունը լավը լինել, իսկ դեսպանը վատը»:
Տեսակապի միջոցով քննարկմանը մասնակցում էր նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, որը նշեց, որ Լապշինի դեպքը հարված էր՝ ուղղված Արցախի զբոսաշրջությանը. «Ադրբեջանը համակարգված միշտ հարվածել է Արցախի տնտեսությանը: Ապրիլյան էսկալացիան հիմնականում այն ուղղություններով էր, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը և հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ մինչ այդ փորձում էին գյուղատնտեսական աշխատանքները խանգարել: Տարեկան 15 հազար զբոսաշրջիկ է արտասահմանից այցելում Արցախ: Այդ թիվը անկում ապրեց 2014 թվականի օգոստոսի դեպքերից և 2016-ի ապրիլից հետո»:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/1519301.html
9 փետրվարի, 2024թ