Հայաստանը ողջունում, շնորհավորում է Ադրբեջանի և Վրաստանի անկախությունը. 1920թ

1737

Ներկայացնում ենք երեք հրապարակում 1920 թվականի ՅԱՌԱՋ օրաթերթից, որը ՀՅԴ Բյուրոյի օրգանն էր, լույս էր տեսնում Երևանում՝ Սիմոն Վրացյանի խմբագրությամբ: Ստանալով Ադրբեջանի և Վրաստանի անկախության ճանաչման լուրը Բարձրագույն խորհրդի կողմից, Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունը հեռագրերով շնորհավորել է հարևան պետություններին:

1918-1920 թթ. Հայաստանն ու Ադրբեջանը անկախ պետություններ էին: Չնայած երկու երկրների միջև տարածքային վեճերին ու հավակնություններին, որոնք նաև վերաճում էին սահմանային ընդհարումների և հայ-թաթարական արյունալի բախումների, Բաքվում գործում էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունը, իսկ Երևանում՝ Ադրբեջանինը, այսինքն՝ երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում ներկայացված էին դեսպանների մակարդակով:

Հայաստանում իշխող ուժը ՀՅԴ-ն էր, Ադրբեջանում՝ Մուսավաթը:

_________________________________________

Նախարարների խորհրդի հունվարի 13-ի նիստի որոշումներից

Նախարարապետի պաշտոնակատարի զեկուցումը Վրաստանի և Ադրբեջանի անկախությունների ճանաչման մասին:

– Ջերմ բարեմաղթությունների շնորհավորական հեռագիր ուղարկել երկու հանրապետություններին:

Յառաջ, թիվ 17, 24 հունվար, 1920թ.

____________

Հայաստանի անկախությունը ճանաչելու խնդիրը

Ամենաստույգ աղբյուրից մեզ հաղորդում են, որ Բարձրագույն խորհրդի կողմից Վրաստանի և Ադրբեջանի անկախության հետ միաժամանակ Հայաստանի անկախությունը չճանաչելու պատճառն այն է, որ Հայկական հարցը Խորհրդի կողմից նկատվում է միջազգային հարց, որը շուտով լուծվելու է դրականապես և վերջնականապես՝ թուրքական հարցի հետ միասին:

Յառաջ, թիվ 11, 15 հունվար, 1920թ.

_____________

Ողջունում ենք

Յառաջ, խմբագրական, հատվածաբար, թիվ 11, 15 հունվար, 1920թ.

Երբ կարծես թե Անդրկովկասյան երկինքը նորից է մթագնել և մեր դժբախտ երկրամասում սպասվում են բազմաթիվ իրար ժխտող նորանոր ուժերի արյունոտ բախումները, Հայաստանին հեռագիրը բերում է մի ուրախալի լուր:

Մեծ Բրիտանիայի կոմիսար Ուորդրոպը պաշտոնապես հայտարարել է Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որ Բարձրագույն խորհուրդը փաստորեն միաձայնությամբ ընդունել է Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը:

Հայաստանի ողջ աշխատավորությունը միայն ողջունել կարող է իր հարևան, օտար լծի տակ հարյուր տարուց ավելի հյուծված և ճնշված ժողովուրդների ազատագրումը: Հայ ազատասեր ժողովուրդը, որ իր հարևաններից շատ ավելի տանջվել, հազարավոր զոհեր է տվել հանուն ազատագրության, խոր գիտակցում է և հասկանում ազատագրման բարձր արժեքը:

… Այսօր մեր հարևան երկու հանրապետությունները միանգամայն ազատ և անկախ պետություններ են՝ ընդունված մեծ պետությունների Բարձրագույն խորհրդի կողմից:

Ողջունելի է մեր կողքին ապրող երկու ժողովուրդների վերջնական ազատագրումը նաև այն տեսակետից, որ Հայաստանի անկախությունն առանց իր հարևանների ազատության խորանալ և հիմնավորվել չէր կարող…

Մեր հարևանները, որ մինչև այժմ միշտ պատրաստ են եղել հյուսիսից եկող ամեն մի վտանգի առաջն առնելու, վտանգ, որ սպառնացել է նորից ստրկացնել վրացի և թուրք աշխատավորությանը, պարզ է, այժմ էլ ավելի պատրաստ պիտի լինեն, էլ ավելի եռանդով պիտի պաշտպանեն իրենց անկախ գոյությունը…

Անդրկովկասի երկու ժողովուրդների համար մեծ, պատմական տոն է անկախության հռչակման օրը: Այդ օրը տոն է նաև Հայաստանի աշխատավորության համար, որովհետև դարեր անընդհատ մեզ հետ կողք-կողքի ապրող ժողովուրդների թե լավ, թե վատ կյանքը, թե դժբախտ, թե բարվոք վիճակը մենք բաժանել ենք:

… Անիմաստ չեն հեռագրի մեջ հիշատակված այն խոսքերը, թե Հայաստանի հարցը կլուծվի Թուրքիայի [խմբագրականի մեջ՝ Տաճկաստան-ԱՆԻ] հարցի լուծման հետ միաժամանակ: Մենք խորապես համոզված ենք, որ մեր հարցն էլ, որ ավելի կնճռոտ է և բարդ, դրական լուծում կստանա իր ժամանակին: Մեր հարևանների շահը ևս պահանջում է, որ իրենց կողքին ունենան ազատ և ամբողջական Հայաստան:

Այն ժամանակ Անդրկովկասի դարերի հարևան երեք ժողովուրդները առավել ևս իրավունք կունենան ողջունել երեք հարևան ժողովրդավարական հանրապետությունների վերջնական ազատագրումը:

_________________

Ողջույնի հեռագրեր

Բաքու. Ադրբեջանի խորհրդարանի նախագահին

Խորին հաճույքով և անկեղծ ուրախության զգացումով իմացա Ադրբեջանի անկախության ճանաչումը Բարձրագույն խորհրդի կողմից:

Հայաստանի խորհրդարանի անունից շնորհավորում եմ Ադրբեջանի խորհրդարանին, որը կովկասյան ժողովուրդների համար ստեղծելու է նոր և բախտավոր դարաշրջան, հղում ենք Ձեզ մեր լավագույն ցանկությունները:

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ՝ Ա. Սահակյան

Նույնաբովանդակ հեռագիր է հղվել նաև Վրաստանի խորհրդարանին: Բացի այդ, Հայաստանի արտգործնախարարությունը առանձին հեռագերով շնորհավորել է Ադրբեջանի և Վրաստանի անկախության ճանաչումը:

Յառաջ, թիվ 11, 15 հունվար, 1920թ.