Վահե Ավետյանը Հանրապետական կուսակցության հիմնադիրներից է

4614

ԱՆԻ-ն գրել է, որ Շվեդիայի քաղաքացի, նախկինում Հայաստանի քաղաքացի Վահե Ավետյանը, որին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են որպես վտարանդի իրավապաշտպան, երեկ ժամանել է Բաքու, իսկ այսօր ծաղիկներ դրել Խոջալուի զոհերի հուշարձանին և խոնարհվել:

Ո՞վ է Վահե Ավետյանը, որին ադրբեջանական լրատվամիջոցները գովաբանում են, իսկ հայկականները համարում դավաճան:

1962-ին Երևանում ծնված Ավետյանը 1984-ին ավարտել է Հայաստանի գյուղինստիտուտը,1988-ից ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել, եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիրներից: 1990-ին ՀՀԿ-ի թիվ երկու կուսակցական տոմսը ստացել է հենց նա, ինչը ևս ցույց է տալիս նրա դերակատարությունը այս կուսակցության հիմնադրման գործում:

Այսօր իշխող Հանրապետական կուսակցությունից և Հայաստանից Ավետյանի հեռանալու մասին տեղեկությունները հակասական են:

Ավելի քան երկու տասնամյակ նա բնակվում է Շվեդիայում, հրապարակավ քննադատում Հայաստանի իշխանությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ քաղաքականությունը:

Ավետյանը այսօր Բաքվում Խոջալուի զոհերի հուշարձանի մոտ ասել է, որ ցնցված է անմեղ զոհերի մեծ թվով՝ ընգծելով, որ “Խոջալուի ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա որպես սև բիծ”: