Հուլիսի 6-7-ը Վրաստանի մայրաքաղաքում կայացած ԵԱՀԿ հարավկովկասյան լրատվամիջոցների 13-րդ խորհրդաժողովի վերջին հատվածը, երբ քննարկվում էր խորհրդաժողովի արդյունքներով ընդունվելիք Հռչակագրի նախագիծը, անցավ փոքր-ինչ լարված մթնոլորտում:
Խորհրդաժողովի մասնակիցներից Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը առաջարկեց, ապա մի քանի անգամ պնդեց, որ պետք է հստակ տարանջատում մտցնել հարավկովկասյան երկրների միջև, երբ խոսք է գնում այդ երկրներում լրատվամիջոցների խնդիրներին և մարտահրավերներին: Բալայանը առաջարկում էր Հռչակագրի նախագծի երրորդ կետում ավելացնել “Հարավային Կովկասի երկրներից մեկում” կամ “որոշ երկրներում” ձևակերպումը, ինչը առաջ բերեց ադրբեջանական պատվիրակության պետական հատվածը ներկայացնողների ընդդիմությունը:
Քննարկումը վարող ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի ավագ խորհրդական Անդրեյ Ռիխտերը Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի կողմից առաջարկվող ուղղումը չէր կարող ավելացնել նախագծում, քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչները դեմ էին: ԵԱՀԿ-ն, ինչպես հայտնի է, կոնսենսուսով գործող կառույց է:
Կրքերը փոքր-ինչ ավելի բորբոքվեցին, երբ հայկական պատվիրակության անդամներից Հայաստանի նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի խորհրդական Հովհաննես Նիկողոսյանը առաջարկեց Հռչակագրի նախագծում ավելացնել կետ, որով դատապարտվի լրագրողական “սև ցուցակների” արատավոր պրակտիկան:
Խոսքը, բնականաբար, Ադրբեջանի մասին էր, որն ունի “սև ցուցակ” և դրանցում ներառում է այն լրագրողներին, քաղաքական-պետական, մշակույթի գործիչներին, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ: “Սև ցուցակ”-ում հայտնվողների մուտքը Ադրբեջան արգելվում է:
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության երկրորդ քարտուղար Սարհան Աղաքիշիևը ընդդիմացավ, հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղ այցելողները հայտնվում են այդ ցուցակում, քանի որ խախտում են Ադրբեջանի օրենսդրությունը:
Մոտ կես ժամ տևած քննարկումն ու վիճաբանությունը ավարտվեց նրանով, որ նիստը վարող ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի ավագ խորհրդական Անդրեյ Ռիխտերը այն չընդգրկեց Հռչակագրի նախագծում՝ կրկին հաշվի առնելով ադրբեջանական պատվիրակության պետական հատվածը ներկայացնողների ընդդիմությունը և կոնսենսուսի սկզբունքը:
Ի նշան բողոքի՝ հայկական պատվիրակության անդամներից Տիգրան Բալայանը, Հովհաննես Նիկողոսյանը, Արսեն Բաբայանը (ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ), Աշոտ Ահարոնյանը (Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ), Արծրուն Հովհաննիսյանը (ՊՆ մամուլի խոսնակ) և Արամ Անանյանը (Արմենպրես գործակալության տնօրեն) լքեցին խորհրդաժողովի դահլիճը:
Հայ և ադրբեջանցի լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր իշխանությունների հետ չեն ասոցացվում, չմիջամտեցին հայ և ադրբեջանցի պաշտոնյաների բանավեճին: Ակնհայտ էր, որ “սև ցուցակի” թեման չէր կարող ներառվել ԵԱՀԿ լրատվամիջոցների խորհրդաժողովի Հռչակագրի նախագծում առնվազն երկու պատճառով. առաջին՝ Ադրբեջանը դեմ էր լինելու, երկրորդ՝ “սև ցուցակի” թեման քաղաքական խնդիր է, որ հնարավոր է լուծել բարձր մակարդակում և ոչ լրագրողների կամ միջին ու ցածր պաշտոնյաների ներգրավմամբ:
Մյուս կողմից, անկասկած, կարևոր է, որ “սև ցուցակի” արատավոր պրակտիկան դառնում է քննարկման թեմա ինչպես ԵԱՀԿ, այնպես էլ միջազգային այլ կազմակերպությունների տարատեսակ խորհրդաժողովներում:
Խորհրդաժողովն ավարտվեց Դունյա Միյատովիչի ամփոփիչ խոսքով, որի տեքստը կարդաց նրա ավագ խորհրդական Անդրեյ Ռիխտերը:
Թաթուլ Հակոբյան
Թբիլիսի
Լուսանկարում՝ Անդրեյ Ռիխտեր