«Անի» Կեդրոնը Հրապարակած Է Արցախի Հարցի «Լուծում» Առաջարկող Կազանի Փաստաթուղթը. ԱՍՊԱՐԵԶ

1560

Հայկական ուսումնասիրութիւններու «Անի» կեդրոնը, որու տնօրէնն է լրագրող Թաթուլ Յակոբեանը, հրապարակած է ղարաբաղեան կարգաւորման Կազանի փաստաթուղթը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան 2011ի Յունիսին համաձայնութիւն տուած է այս փաստաթղթղին: Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ տասը նոր առաջարկներ ներկայացուցած է, որոնք մերժուած են Հայաստանի կողմէ:

Ստորեւ կը ներկայացնենք «Անի» կեդրոնի հրապարակած փաստաթուղթը.-

ԿԱԶԱՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (աշխատանքային տարբերակ)

ՏԱՐԱԾՔՆԵՐ

Լեռնային Ղարաբաղին յարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնւում են հայկական վերահսկողութեան տակ, վերադարձւում են Ադրբեջանի վերահսկողութեան տակ:

Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղութեան համաձայնագրով:

Առաջին փուլում վերադարձւում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջանները:

Յետագայում վերադարձւում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատուածները:

Հայկական ուժերը դուրս են բերւում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողութեան տակ, այնտեղ թոյլատրւում է հայկական սահմանափակ զօրամիաւորում՝ մինչեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զօրամիաւորման տեղակայուելու վայրը որոշելու է Միջազգային անցումային յանձնաժողովը:

Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողութեան տակ վերադարձը, ԵԱՀԿ յանձնաժողովի միջոցով գտնուելու է Միջազգային անցումային յանձնաժողովի դիտարկման տակ: Յանձնաժողովում ներառուելու են հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկեալ ժամանակահատուածում խրախուսուելու է, որպէսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչութիւնը հեռանայ այնտեղից:

Ադրբեջանի ներքին տեղահանուած անձանց թոյլ է տրւում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղութեան համաձայնագրի ուժի մէջ մտնելուց հինգ տարի անց:

Լաչինի շրջանի այն հատուածները, որոնք դուրս են Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողութեան տակ են վերադարձւում Խաղաղութեան համաձայնագրի ուժի մէջ մտնելուց յետոյ:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

Հայկական ուժերի կողմից վերահսկուող ադրբեջանական շրջաններից դուրս բերուելուց յետոյ այնտեղ տեղակայւում են խաղաղապահ ուժեր՝ ապառազմականացումն ու անվտանգութիւնը դիտարկելու նպատակով: Խաղաղապահ ուժերը ձեւաւորում են պետութիւնները՝ կամաւոր հիմունքներով: Խաղաղապահների ընտրութիւնը իրականացւում է կողմերի փոխադարձ համաձայնութեամբ: Իւրաքանչիւր կողմը ունի վետոյի իրաւունք միւս կողմի ընտրութեան վրայ:

Կողմերը պարտաւորւում են միմեանց դէմ ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղում եւ նրան յարակից շրջաններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, մշակում են երկկողմ եւ համատեղ անվտանգութեան երաշխիքներ եւ հաւաստիացումներ՝ համաձայնութեան կատարմանը եւ Հարաւային Կովկասում ընդհանուր անվտանգութեանը սատարելու վերաբերեալ:

Ադրբեջանը պարտաւորւում է չուղարկել ռազմական անձնակազմ եւ սպառազինութիւններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառութեամբ ոստիկանական ստորաբաժանումների եւ ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնուող սահմանապահ զօրքերի:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԱՆԿԵԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Մինչեւ Լեռնային Ղարաբաղի իրաւական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկեալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրաւունքներ եւ արտօնութիւններ: Դրանք շարադրուելու են Խաղաղութեան համաձայնագրում, մասնաւորապէս՝

Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենում են ժողովրդավարական հասարակութեան մէջ սոցիալական ու տնտեսական կենսագործունէութիւնն ու անվտանգութիւնը պաշտպանելու եւ վերահսկելու իրաւունք: Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրաւունքներն ու հիմնարար ազատութիւնները յարգւում են:

Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը՝ միջանկեալ շրջանում Լեռնային Ղարաբաղը կառավարելու նպատակով, իրաւունք է ստանում ընտրել իշխանութեան մարմիններ, որոնք իրականացնում են օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւն Լեռնային Ղարաբաղի ներքին հարցերում: Արդարադատութիւն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղը իրաւունք ունի հիմնել դատարաններ: Լեռնային Ղարաբաղի պաշտօնեաները արտաքին շփումներ իրականացնելու լիազօրութիւններ կ՛ունենան այն ոլորտներում, որոնք սահմանւում են Խաղաղութեան համաձայնագրով:

Լեռնային Ղարաբաղի միջանկեալ իշխանութիւնները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿի այն նստաշրջաններում, որոնցում քննարկւում են անմիջականօրէն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպութիւններին, որոնցում միջազգայնօրէն ճանաչուած լինելու կարգավիճակը նախապայման չէ:

Լեռնային Ղարաբաղն իրաւունք է ունենում ստանալ արտասահմանեան երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների ֆինանսական օժանդակութիւն՝ պայմանով, որ այդ օժանդակութիւնը նախատեսուած լինի մարդու իրաւունքների, խաղաղ տնտեսական եւ ժողովրդավարական զարգացման, մշակութային եւ առեւտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բաւարարմանը:

ԱԶԱՏ ԿԱՄԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆ

Լեռնային Ղարաբաղի իրաւական վերջնական կարգավիճակը որոշւում է Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ազատ կամարտայայտութեան միջոցով: Քուէարկութեան ժամկէտներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագայ բանակցութիւններում:

Լեռնային Ղարաբաղի բնակչութիւն ասելով հասկացւում է 1988 թ. ազգային համամասնութիւնով ԼՂԻՄում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնութեամբ, ինչպէս եղել է մինչեւ հակամարտութեան սկիզբը: Քուէարկութեան ժամանակ ապագայ կարգավիճակի հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու եւ կարող է թոյլ տալ իւրաքանչիւր կարգավիճակի հնարաւորութիւն:

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔ

Համաձայնեցուած լայնքի միջանցքը պէտք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ: Մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնւում է Լեռնային Ղարաբաղի ժամանակաւոր իշխանութիւննների վերահսկողութեան տակ:

Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումից յետոյ, միջանցքի օգտագործման գործընթացը կը կարգաւորուի՝ հաշուի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակը:

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ

Բոլոր ներքին տեղահանուած անձինք եւ փախստականները ունեն կամաւոր վերադարձի իրաւունք այն պահից, երբ ՄԱԿի Փախստականների հարցերով Գերագոյն յանձնակատարը կը յայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգութիւնն ապահովուած է:

Իրենց բնակավայրեր վերադարձած անձինք օգտւում են մարդու իրաւունքներից եւ հիմնարար ազատութիւններից՝ առանց որեւէ խտրականութեան:

ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Կողմերի միջեւ բաց եւ անարգել տրանսպորտային եւ հաղորդակցային կապերը խրախուսւում են ողջ տարածաշրջանում՝ ներառեալ Ադրբեջանի ուղիղ եւ անարգել ցամաքային կապը Նախիջեւանի հետ, բոլոր սահմանների բացումը եւ հաղորդակցային ուղիների վերագործարկումը:

ԴՈՆՈՐՆԵՐԻ (ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐՈՒ-ԽՄԲ.) ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Միջազգային ֆինանսական հաստատութիւնների կողմից հրաւիրուած միջազգային դոնորների խորհրդաժողովը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծում են հիմնադրամ՝ ռազմական գործողութիւններից տուժած շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման եւ ենթակառուցուածքների վերականգնման համար:

ՅԱՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ

Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ձեւաւորում են առանձին յանձնաժողովներ: Այդ յանձնաժողովները գործում են կոնսենսուսի (համախոհութեան-Խմբ.) հիմունքներով եւ զբաղւում են Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշման հանրաքուէի մանրամասների ու ժամկէտների յստակեցմամբ, Լաչինի միջանցքին վերաբերող տեխնիկական մանրամասների եւ Քելբաջարի շրջանը ԵԱՀԿ յանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վարչական վերահսկողութեան ներքոյ փոխանցելու մանրամասների մշակումով:

http://asbarez.com/arm/257439/