Նոյակերտ գյուղը գտնվում է ՀՀ-Նախիջևան-Թուրքիա եռանկյունում, Արաքս գետի ձախ ափին, Արաքսի վտակներից Վեդի գետի ձախափնյակում, ծովի մակերևույթից ավելի քան 800 մետր բարձրության վրա՝ Արարատ սարի հայաստանյան ստորոտում:
Նոյակերտը սահմանակից է Եղեգնավան, Ավշար և Արարատ գյուղերին:
Նախկինում գյուղն ունեցել է Խալիսա և Խալիս Գյուլեյ յուրդ անունը: Նոյակերտ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին:
Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Նոյակերտն ունեցել է.
1831 թվական – 149 հոգի, բոլորը՝ թաթար,
1873 թվական – 864 հոգի, բոլորը՝ թաթար,
1886 թվական – 960 հոգի, բոլորը՝ թաթար,
1897 թվական – 1165 հոգի, բոլորը՝ իսլամ (ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամար),
1904 թվական – 957 հոգի,
1914 թվական – 975 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1914 թվական – 1053 հոգի, ըստ արխիվային տվյալների,
1916 թվական – 1159 հոգի,
2019 թվական – դատարկված,
1922 թվական – 601 հոգի, որից 290-ը՝ հայ, 311-ը՝ թրքո-թաթար,
1926 թվական – 1000 հոգի, որից 240-ը՝ հայ, 429-ը՝ քուրդ, 331-ը՝ թուրք (ԽՍՀՄ առաջին մարդահամար),
1931 թվական – 875 հոգի, որից 276-ը՝ հայ, 588-ը՝ թուրքական խումբ, 11-ը՝ քուրդ:
Խորհրդային տարիներին Նոյակերտի ամբողջ մուսուլման բնակչությունը համարվեց ադրբեջանցի:
ԽՍՀՄ մարդահամարների տվյալներով՝ Նոյակերտն ունեցել է.
1939 թվական – 1087 հոգի,
1959 թվական – 1341 հոգի,
1970 թվական – 2135 հոգի,
1979 թվական – 2476 հոգի,
1989 թվական – 1752 հոգի:
1988 թվականին, հայ-ադրբեջանական տեղահանությունների ընթացքում, տեղի ադրբեջանցիները հեռացան, նրանց փոխարեն հաստատվեցին Բաքվից և Ադրբեջանի այլ բնակավայրերից հայեր:
2001 թվականի ՀՀ առաջին մարդահամարի տվյալներով՝ Նոյակերտի բնակչությունը կազմել է 1937 հոգի:
Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Նոյակերտի մշտական բնակչությունը կազմել է 1634, առկա բնակչությունը՝ 1552 մարդ:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
ԱՆԻ կենտրոն